Հավանական է, որ մահվան պատճառը «խոզի գրիպն» է
Մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում մահացել է 7-ամյա աղջիկ: Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ մահացած աղջնակը նախկինում երբեւէ հիվանդացած չի եղել, 6 տարեկան հասակում նրան կատարել են հիվանդությունների դեմ նախատեսված պատվաստումները:
«Մարտի 14-ի երեկոյան աղջնակը ջերմություն է ունեցել; Ծնողը դիմել է տեղի` Արծվաբերդի առողջության կենտրոն, բժշկուհին խորհուրդներ է տվել` առաջարկելով ջերմություն իջեցնող միջոցներ, այդ թվում` հեղուկներ, նաեւ ծնողին պատվիրել է, որ հաջորդ օրը երեխային տանի առողջության կենտրոն: Քանի որ երեխայի ջերմությունը իջել է, ծնողը նրան առողջության կենտրոն չի ներկայացրել: Մարտի լույս 16-ի գիշերը երեխան մահացել է: Կատարվել է դիահերձում, նյութեր են ուղարկվել Երեւան` լաբորատոր հետազոտության: Դրանց արդյունքում պարզ կդառնա, թե երեխայի մահվան պատճառը H1N1 վիրո՞ւսն է, թե՞ ոչ»:
Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից:
Կարդացեք նաև
Տիկին Դովլաթբեկյանից տեղեկացանք, որ Տավուշի մարզում, հատկապես Բերդի տարածաշրջանում, սուր շնչառական հիվանդություններ են տարածված: Այդ հիվանդություներով մարզի առողջապահական հիմնարկություններ են դիմել 95 մարդ, որից 3-ը հոսպիտալացվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ