Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանը մեղադրվում է կազմակերպված խմբի միջոցով հանգուցյալների կենսաթոշակները յուրացնելու համար

Մարտ 19,2013 16:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը թույլ չտվեց, որպեսզի մեղադրող կողմը  նստած վիճակում հրապարակի կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւս 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Դատախազ Ենոքյանը հասցրեց հրապարակել միայն Վազգեն Խաչիկյանին մեղսագրված հատվածը, համաձայն որի՝ Խաչիկյանը ստեղծել է կազմակերպված խումբ, որոշակի դերաբաշխում տվել յուրաքանչյուրին, չարաշահել է պաշտոնական դիրքը, կեղծ դիմումներ պատրաստելով, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել է մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների 29 մլն դրամը (բյուջե չմուտքագրելով)  եւ 260.958.681 ՀՀ դրամը:

Խաչիկյանը հայտնեց, որ դատաքննության փուլում  հանդես կգա ինքը եւ իր պաշտպան Ժորա Վարոսյանը, մեղադրանքի հետ կապված միջնորդություններով եւ խնդրեց, որպեսզի մեղադրողը բացատրի իրեն  մեղադրանքի էությունը, թե ինչպիսի հատկանիշներ են իրեն մեղսագրվում  եւ ինչի հիման վրա են իրեն մեղադրել  պաշտոնական կեղծիք անելու համար:  Մեղադրողը խնդրեց 15 րոպե ժամանակ, որպեսզի հարցին պատասխանի: Խաչիկյանը, ըստ էության չհասցրեց պատասխանել՝ իրեն մեղավո՞ր է ճանաչում, թե՞ ոչ հարցին, քանի որ դատական նիստը հետաձգվեց: Պաշտպանական կողմից Լիպարիտ Սիմոնյանը դեռ նախորդ դատական նիստին խնդրել էր, որ մեկ այլ քրեական գործով ժամը 16.00-ին նշանակված դատական նիստի է մասնակցելու:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 4-ին: Սակայն այսուհետ նիստերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի փոխարեն (դահլիճը փոքր լինելու պատճառով) տեղի է ունենալու Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեծ դահլիճում:

Ի դեպ, դատարանը այսօր մեկ անգամ մտավ խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի խափանման միջոցի միջնորդությունը փոխելու համար որոշում կայացնելու:

Մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ պաշտպան Արա Զաքարյանն առաջարկել էր կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով, ինչը դատարանի կողմից մերժվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031