Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով Գյումրու նախորդ ու ներկա քաղաքապետերի` լրատվամիջոցների միջոցով միմյանց վիրավորանքներ հասցնելուն, իր օգնական Արաքսյա Կիրակոսյանի միջոցով Aravot.am-ին փոխանցեց. «Ես կրկին հանդուրժողականության կոչ եմ անում բոլորին: Ցանկացած հարց կարող է լուծվել, չկա չլուծվող հարց, եթե մարդիկ ցանկություն ունենան: Եվ խնդրանք-հորդոր լրատվամիջոցներին. չընկնել սենսացիների հետեւից, ցուցաբերել զսպվածություն, չէ՞ որ մենք բոլորս մտածում ենք մեր քաղաքի եւ մարզի հոգսերի մասին: Բնական է, որ մարզպետը զբաղվում է այս հարցերով, եւ պետք չէ, որ մարզպետը ի լուր աշխարհի հայտարարի իր քայլերի մասին»:
Հիշեցնենք, որ բանը հասել է նրան, որ մշակութային մայրաքաղաքի նախկին ու ներկա քաղաքագլուխները միմյանց հոգեկան հիվանդ ու մտավոր հետամնաց են անվանում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ