«Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է հացադուլը կանգնեցնի, որովհետև իրան առաջարկ ա եղել, շատ լավ առաջարկ՝ լինել խորը ընդդիմություն, որը կզտի ընդդիմության անորակ վիճակը: Ընդդիմությունն ավելի որակյալ կլինի և հակակշիռ կլինի էսօրվա մեր կառավարությանն ու իշխանություններին, որով Հայաստանը կարող է օգտվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ներքաղաքական իրադարձությունների մասին իր դիտարկումները կիսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Նրա պատկերացմամբ, արմատական ընդդիմություն նշանակում է, որ «տվյալ երևույթը մաքրում է դաշտը. հիմի ընդդիմության մեջ մարդիկ կան, որ չգիտես՝ ընդդիմություն է, թե ընդդիմություն չի»:
«Ժառանգության» առաջնորդին`իշխանության մաս կազմելու Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ էլ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դա արդեն լրիվ բարոյական կողմ է, որ մարդուն մի առաջարկ չի կարելի անել և մի քանի առաջարկ է արվել: Իմ կարծիքով Րաֆֆին պիտի խորը ընդդիմություն գնա և կռիվ տա էսօրվա և կոռուպցիոներված, և ձեր ասած՝ օլիգարխների և օրենսդրական դաշտում: Անկեղծ եմ ասում, բանավեճից է ճշմարտությունը ի հայտ գալիս»:
Հարցին`արմատական ընդդիմություն դառնալը ի՞նչ կտա Րաֆֆի Հովհաննիսյանին, ի՞նչ կտա ժողովրդին, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Մի տան մեջ կան ամուսիններ և երեք երեխաներ: Ինչ-որ հարցի շուրջ վեճ է եղել, չէ, որը չի կարող ծնողը լուծել: Եվ ծնողն այդ վեճի արդյունքում լուծում է խնդիրը, որ ոչ մի երեխեն վիրավորված չլինի կամ բավարարված չլինի: Էս օրինակը հերիքա, որ մենք մեր ընտանիքի վրա բերենք օրինակը, մեր երկիրը այդպես պահենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, որպես ԱԺ պատգամավոր, Աղաբաբյանը պատրաստվո՞ւմ է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: «Անպայման, հարկ եմ համարում այցելելու, բայց կա մի բայց. ոչ թե նրա համար, որ չեմ ուզում, այլ էն թեմաները, ինչ որ իմ մեջ կա, էդ թեմաներն իրեն տրված է, էդ պատասխաններն էլ ինքը տվել է: Գնամ ի՞նչ հարցնեմ: Ուղղակի հարգանքի համար կարող եմ գնալ»: Մարդասիրական տեսակետից կայցելե՞ք՝ հարցին էլ այսպես արձագանքեց. «Իհարկե, ինչ խոսք, անպայման»:
Իր կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած է՞ աշխարհի վրա, ՀՀԿ-ական պատգամավորին հարցրեցին լրագրողները` նկատի ունենալով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, որ մի քանի օր սոված, աշխարհի վրա չարացած մարդու հետ չի պատրաստվում Ազատության հրապարակում ինչ-ինչ հարցեր քննարկել: «Իմ կարծիքով չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն ըտենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա: Ինքը, իմ խորը համոզմունքով, նախ խելացի է, երկրորդը՝ ինտելեկտուալ մարդ է և երրորդը՝ ինքը ուզում է ընդամենը, որ իր Հայաստանը լավը լինի: Բայց էն ճանապարհով, որ ինքն ա վերցրել, որ ուսերին տանի, ինքն էդ ուժը չունի: Եթե չեն ուզում իշխանություններին, դա չի նշանակում, որ ուզում են Րաֆֆիին: Ճիշտ հասկացեք: Ինքը դրա դերակատարումը չի կարող մինչև վերջ տանի, որովհետև ինքը էդ դերով չի ապրել: Դա նորություն ա իրա համար, հասկացավ, որ իրա հետևից կանգնած են ընդդիմախոս, սոցիալական ծանր վիճակին, ասենք, չդիմացող մարդիկ և փորձեց ինքը տանի իրենց: Բայց ինքը էդ ճանապարհը չգիտի ոնց տանի: Էսօր, եթե ինքը գնա խորը ընդդիմություն, ինքը այ էդ խորը ընդդիմության ճանապարհին կսովորի: Ինքը էդ փորձը չունի և ոչ էլ դրա մեջ եղել ա»:
Աղաբաբյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություն լինել կարող է, բայց ոչ առաջինը. «Հասկանում եք ինձ, Հայաստանում առաջինը լինելու համար մեծ ամակ պիտի ունենաս: Իսկ էսօր ասել` Ղարաբաղի անկախություն ճանաչել, անհեթեթություն է: Գոնե ասեր՝ պաշտպանենք գերագույն խորհրդի այն որոշումը, որ Ղարաբաղն անբաժանելի մաս է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պարոն Աղաբաբյանի խոսքը հարգանքի է արժանի: Մի շատ էական վերապահում ու անհամաձայնություն ունեմ: Պարոն Աղաբաբյան, ընդհակառակը, հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ կարող է մեր երկիրն այս վիճակից դուս բերել: Նա միակ քաղաքական գործիչն է, որ կապված չէ տարբեր ու բազմաթիվ բանսարկությունների և անդրկուլիսյան գործարքների հետ, որով կաշկանդված ու անգործունակ է հայկական քաղաքական վերնախավը և առաջին հերթին Սերժ Սարգսյանը: Դրա հերթական ապացույցը նրա վերջին հանդիպումն է լրագրողների հետ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է նա ատամներով պահում օդիոզ օլիգարխների շահերը: Միևնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակները մոտիկից ճանաչելու դեպքում վստահաբար կասեմ, որ ավելի հաստատակամ, ավելի նպատակասլաց և ուժեղ քաղաքական գործիչ դժվար գտնվի Հայաստանում: