Դասադուլավոր երիտասարդները ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին վերջնաժամկետ են տվել՝ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին բուհից հեռացնելու համար:
«Մեր գլխավոր պահանջն է` հեռացնել Գեւորգ Մելքոնյանին մարտի 19-22-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ ստուգել ու պատասխանատվության կանչել պաշտոնյաների կողմից բուհում պատասխանատու պաշտպաններին, դասադուլին եւ ուսանողների օրինական գործունեության ժամանակ ապօրինություններ կատարած բոլոր անձանց»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ԵՃՊՀ ուսանող Լիլիթ Հարությունյանը:
Ըստ նրա, իրենց պահանջների իրագործման հարցում պատասխանատու է բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Չիրականացնելը կհաստատի ռեկտորի անգործությունը, իսկ այդ դեպքում մարտի 25-ից արդեն կպահանջենք ռեկտորի հրաժարականը, եթե 15-22-ը ընկած հատվածում ռեկտորը չհաստատի Գեւորգ Մելքոնյանի հեռացումը»:
ԵՊՀ ուսանող Արման Ալեքսանյանն էլ ասաց, որ Գեւորգ Մելքոնյանի եւ նրա հավաքած ուսանողների գործողությունները ուղղորդել է անձամբ ԵՊՀ ռեկտորը. «Քանի որ մինչ այժմ նրա կողմից հստակ քայլեր չեն արվել՝ մեղավորին պատժելու եւ մայր բուհի անունը վերականգնելու ուղղությամբ: ԵՊՀ կուսակցականացումը վերացնելու համար պետք է հրաժարական տա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կարծում եմ` անտեղի է հանրապետության նախագահի` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը, որովհետեւ դրանով ղեկավարությունը իշխանության մաս, իշխանության գործիք է դառնում, որը մշտապես ուսանողներին շրջանակի մեջ կպահի»:
Կարդացեք նաև
Դասադուլավորները նաեւ պնդում են, որ մյուս բուհերի հոգաբարձուների խորհուրդներից էլ պաշտոնյաները պետք է հեռանան:
Ա. Ալեքսանյանի խոսքերով, եթե Արամ Սիմոնյանը նրանց պահանջներին չարձագանքի, ապա իրենք պատրաստվում են դիմել ԵՊՀ-ի հետ համագործակցող արտասահմանյան բուհերին եւ ներկայացնելու են կատարվածը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ