Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանն իր ծննդյան օրը անցկացրեց դատարանում

Մարտ 19,2013 14:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» քրեական գործով ճշտեց 13 ամբաստանյալների ինքնությունը: Մասնավորապես՝ Վազգեն Խաչիկյանի, որն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ, նույն նախարարության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանի, վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանի, Երեւան քաղաքի վճարային խմբի տեսուչ Վիգեն Գեւորգյանի, տեղեկատվական համակարգերի, տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանի, ապահովագրության տվյալների մշակման բաժնի պետ, ի դեպ, ՌԴ քաղաքացի Արմեն Խաչատրյանի, Արաբկիրի, Շենգավիթի, Էրեբունու սոցիալական ծառայության պետերի ինքնությունները: Դատարանին հետաքրքրում էր՝ արդյոք հուշաթերթիկ ստացե՞լ են, թե՞ չէ, ինչպես նաեւ՝ տեղյա՞կ են իրենց իրավունքներին եւ պարտականություններին:  Գլխավոր դատախազության պետշահերի պաշտպանության վարչության երկու դատախազներ՝ Ենոքյանը եւ Դանիելյանը պաշտպանում են այս գործով մեղադրանքը: Նրանց նկատմամբ կողմերը բացարկ չունեին: Ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանը հանդես եկավ միջնորդությամբ, մասնավորապես՝ իր պաշտպանյալի տեսակցությունների արգելքը վերացնելու եւ հեռախոսից օգտվելու կապակցությամբ:  Նա ասաց, որ տեւական ժամկետում սահմանափակումը իրավունքի սահմանափակում է եւ որ նախաքննությունն ավարտված է, ապացույցները՝ ներկայացված եւ հարազատների, այդ թվում՝ ԶԼՄ-ների հետ կապված արգելքը իրավաչափ չէ: Դատավորը բավարարեց միջնորդությունը, գտնելով, որ այդ փուլում տեսակցության եւ զանգերի սահմանափակման անհրաժեշտությունը չկա  եւ տեղեկացրեց կողմին, որ արձանագրային որոշումը կուղարկի պատկան մարմնին:

Ի դեպ,  այսօր Վազգեն Խաչիկյանի ծննդյան  օրն է եւ դատարան էին ներկայացել նրա մտերիմ ընկերները, այդ թվում՝ արձակագիր Լեւոն Ջավախյանը, որը փորձեց անկաշկանդ «զրույցի» բռնվել Խաչիկյանի հետ: Դատավորը նկատեց եւ Ջավախյանին նախազգուշացրեց՝ հետագայում ավելի կոշտ սանկցիա կիրառելու մասին: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդության դեմ, որը հանդես եկավ գրավի միջնորդությամբ (10 մլն դրամ, 286 մլն 400 հազար դրամի անշարժ գույքերի), առարկեցին մեղադրողները, ասելով, թե քրեական գործով ձեռք բերված ապացույցները կարող են հիմք տալ, որ նա խուսափի քրեական պատասխանատվությունից, ազդի դատավճռի կատարմանը, ազդի, որպեսզի սուտ ցուցմունքներ տան մյուս ամբաստանյալները կամ նախաքննական ցուցմունքներից հրաժարվեն վկաները: Մեղադրողները հայտարարեցին, որ որպես գրավ առաջարկված անշարժ գույքի վրա արգելանք է դրված:

Սակայն պաշտպան Ա. Զաքարյանը հայտնեց, որ արգելանք չի դրված այդ գույքի վրա եւ իրենք առաջարկում են իր պաշտպանյալի հարազատների գույքը: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ դատախազի վկայակոչած՝ թե գոյություն ունի մայր գործով որեւէ ապացույց, չի ներկայացվել եւ չի վկայակոչվում դատարանում: Պաշտպանը հարցրեց, թե ինչու է մայր գործից անջատվել այդ գործը, որպեսզի առանձին քննություն տարվի: Դատավոր Մ. Պապոյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մեղադրանքի կողմը  այս գործով գտնում է, որ Վազգեն Խաչիկյանի գլխավորությամբ այս խումբը պետական բյուջեին հասցրել է 29 մլն ՀՀ դրամի վնաս եւ որ հայցային գումարն էլ կազմում է  260.958.681 ՀՀ դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031