Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե խոցել եմ Սերժ Սարգսյանի մարմնի որեւէ հյուլե՝ ներողություն եմ խնդրում» (Տեսանյութ)

Մարտ 19,2013 14:24

Նա վստահեցնում է, որ ինքը պատրաստվում է երկար տարիներ ապրել եւ առողջ մնալ

Երեկ ինձ տեղեկություն հասավ, որ պարոն Հովհաննիսյանի համար հացադուլի միջոցով բողոքն արտահայտելը սովորություն է, որ դուք սովորություն ունեք տարբեր, անգամ կենցաղային առիթներով հացադուլ հայտարարել: Այսօր լրագրողներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին այսպիսի հարց ուղղեց: Վերջինս ողջունեց՝ շատ լավ հարց է, բայց ասեք, թե որտեղի՞ց ստացաք այդ տեղեկությունը, հղում տվեք ձեր աղբյուրին՝ իմանամ ում եմ պատասխանում: Լրագրողը չբացահայտեց աղբյուրը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ես ունեմ իմ բնավորությունը եւ իմ կյանքի եղանակները: Այս պայքարը ես տանում եմ տարբեր միջոցներով՝ նաեւ ինձ զրկելով որոշ բարիքներից, թե հացից: Նաեւ ունեմ հատկություն, որ շիտակ եմ խոսում եւ իմ խոսքը չեմ փոխում Անկարայում, ՌԴ-ում, Վաշինգտոնում, ամենուր նույն բանն եմ ասում: Միգուցե դա  սխալ է, բայց դա իմ տեսակն է: Միգուցե ես ունեմ ներքին պահանջ նաեւ ինձ վերջնագիր ներկայացնելու, իմ կյանքը ավելի լավը դարձնելու համար, կարող եմ նաեւ մերթընդմերթ դիմել այս քայլին, որը այս անգամ հացադուլ չէ: Արդեն դրա ձեւակերպումը տվել եմ: Այն է, որ մենք հնարավոր բոլոր եղանակներով պիտի ապահովենք այս ազգային զարթոնքի հաղթանակը, որը ժառանգորդն է մնացած բոլոր շարժումների եւ ընտրությունների: Մի բան պարզ է, որ այս պայքարը ցույց տվեց բոլոր չմասնակցող, բոյկոտող քաղաքացիներին ի հեճուկս, որ մասնակցությունն է երկրի տերը դառնալու գրավականը: Ճիշտ է նաեւ, որ այս մեր վճռորոշ հանգրվան այս քայլն ուղղված է ոչ թե պարոն Սարգսյանին կամ իշխանություններին, սխալ են հասկացել, դա վերջնագիր չէ իրենց, այլ համաժողովրդական պայքարի ավարտական փուլի մաս կազմելու իմ հավատամքն է: Սա հացադուլ չէ, սա պայքար է, որն ուղեկցվում է հաց չուտելով փաստորեն»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Դուք հաց չուտելով վնասում եք ինքներդ Ձեզ, Ձեր առողջությունը, իսկ Աստված դեմ է ինքնասպանությանը, սպանությանը, Դուք նաեւ ասում եք՝ «իմ դիակի վրայով»՝ դե՞մ եք գնում Աստվածաշնչին այս քայլով՝ նա պատասխանեց. «Ես ակնկալում եմ հանգուցալուծում՝ մինչեւ ապրիլի 9-ը: Ես ակնկալում եմ նաեւ պարոն Սարգսյանի ավելի շինիչ ու կառուցողական հղումները անցյալին եւ ապագային: Եթե ինքը մասնակցի հանգուցալուծմանը, իսկ եթե  չէ՝ մենք նոր Հայաստանի ծնունդով ապրիլի 9-ին կորոշենք, թե ինչ ենք անում: Բայց ես պատրաստվում եմ երկար տարիներ առողջ մնալ եւ ապրել»:

Նա նաեւ հայտարարեց, որ եթե ինքը խոցել է Սերժ Սարգսյանի մարմնի որեւէ հյուլեն, ցավում է եւ ներողություն է խնդրում դրա համար:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոսքերին, որ Ազատության հրապարակում 3000 մարդ է լինում, պարո Հովհաննիսյանն ընդգծեց,որ ժողովրդական այս զարթոնքի իմաստն այն է, որ իրենք ամենուր են. «Մենք պաշարել ենք իշխանությունը՝ հոգով, գիտակցությամբ երկիրը ետ բերելու, սահմանադրական Հայաստան կերտելու վճռով: Ակնհայտորեն 3000-ը ճիշտ չէ: Դեմ եմ չափազանցություններին, որ ասում են 100 հազարներ եւ այլն, բայց նաեւ դեմ եմ, երբ մարդիկ հաշվարկի եւ ժողովրդին հեգնելու համար ինչ-որ ուզում են նսեմացնել: Ես ասում եմ, որ կապ չունի, ժողովուրդը հաղթել է եւ մենք անելու ենք: Բոլոր դեպքերում հրապարակում հավաքվում է շատ ավելի, քան 3000: Բայց եթե նախորդ շրջանից դա է մնացել, որ հաշվում եք եւ պետք է տեսնեք քանի հոգի՝ ուրեմն կտեսնեք քանի հոգի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031