Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը լռել Սերժ Սարգսյանի ուղարկած նամակի մասին

Մարտ 19,2013 14:14

Նա վստահեցնում է, որ հարգել է դիմացինի խնդրանքը

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում մանրամասնելուց հետո, թե իրականում ինչ փոխադարձ առաջարկներ են եղել իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում եւ դրանից հետո, ասաց. «Հիմա քանի որ մենք գտնվում ենք հանրային, բաց տիրույթում եւ եթե ինքը տպավորություն ունի, որ ես իրեն պարտք եմ մի փաստաթուղթ, ես կընթերցեմ այդ փաստաթուղթը եւ կուղարկեմ այն պարոն Սարգսյանին ուրբաթ օրը: Կակնկալեմ, որ սրանից հետո ինչ լինի, կլինի բաց, թափանցիկ: Եթե հանդիպում լինի՝ կլինի նվազագույնը ուղիղ եթերով»:

Հարցին՝ ինչի՞ եք էլ ուղարկում նոր առաջարկ, եթե Ձեր ներկայացրածով՝ գործ ունեք մի մարդու հետ, որը չի հարգում պայմանավորվածությունները՝ նա պատասխանեց. «Ես պարոն Սարգսյանի հատկանիշներին գնահատական չտվեցի: Բայց ասացի, որ այն, ինչ ինքը ներկայացրել է, չի համապատասխանում իրականությանը՝ բազմաթիվ կետերով: Ինքը, երբ խոսել է ապրիլի 9-ի կեղծ երդման վրա, սա իրականությունից դուրս դիտարկեց: Ոչ: Ինքը պետք է հասկանա, որ այս պաշտոնական արդյունքներով, որ ինքը նախապատրաստվում է երդման արարողությանը, ինքը պետք է հասկանա, որ դա արվել է կեղծիքներով: Ուրբաթ օրվա գրությունից հետո, եթե ինքը ցանկանա, ես նորից կասեմ, որ պատրաստ եմ հանդիպել՝ հրապարակային»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք կեղծիքադուլ, ստադուլ եք հայտարարել, ինչո՞ւ մինչ Սերժ Սարգսյանի բարձրաձայնումն այդ մասին, չէիք բացահայտում, որ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո եղել են առաջարկներ: Այս մասին ասուլիսներում հարցեր են հնչել, եւ Դուք չեք բացահայտել, որ առաջարկ, այնուամենայնիվ, եղել է՝ ԱԺ-ից նամակ է եղել: Նա պատասխանեց. «Իրենց խնդրանքով այդ խողովակը եղել է խորհրդապահական, եւ ես հարգում եմ իմ ստանձնած պարտականությունները: Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքը  իբր թե հարգեց այն ժամանակ, որ պիտի փոխանակեինք փաստաթղթերը, ինքը քանի շաբաթ անց ուղարկեց, ես վստահեցնում եմ, որ դա այդպես չէ: Այդ միջնորդավորված, անընդունելի, անպատշաճ  գրությամբ եւ անպատշաճ փոխանցմամբ փատաթուղթը պատասխան էր կամ այլընտրանք էր իր որոշման, որ ինքը նպատակահարմար չէր գտնում հանդիպել իմ հետ Ազատության հրապարակում: Ես չեմ կարծում, որ այս վիճակում դիմացինի խնդրանքը՝ խորհրդապահական խողովակ ապահովելու համար որեւէ աղերս ունի ստի կամ կեղծիքի հետ, մեղսակցության հետ»:

Հարցին՝ Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա գնալուց հետո ձեր հանդիպման մասին խոսեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իր փոխարեն չեմ կարող խոսել, իրեն հարցրեք, իմ պատասխանը կլինի հայկական՝ չգիտեմ»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե այսքանից հետո, այս բացահայտումներից հետո փաստորեն բոլոր կամուրջներն այրվեցին, տեղ կա՞ կոմպրոմիսի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հորդորեց այդ հարցը տալ պարոն Սարգսյանին: Ի սկզբանե ես եմ մոտեցել փոխզիջման համալիր առաջարկներով: Սա այն վիճակն է, որ մենք ոչ թե պիտի պատրանքների մեջ ապրենք, որ ես եղել եմ ազգային հերոս, կամ մյուսը՝ արտգործնախարար, այլ իսկապես հասկանանք պահի լրջությունը եւ աննախադեպ ցավոտ ռազմավարական նշանակության փոխզիջում պետք է լինի: Իսկ այն փաստաթուղը, որը ինքը  իբր թե գաղտնազերծեց, դա հեգնում է եւ ծաղրանք է: Ես չեմ այրում որեւէ կամուրջ, բայց նաեւ ես ունեմ իմ նվիրումը ճշմարտության եւ թույլ չեմ տալու, որ կեղծիքը, սուտը թագավորի մեր երկրում: Այսքանից հետո ես պատրաստ եմ հանդիպել իր հետ, բայց որպեսզի այլեւս չլինի որեւէ լեզվակռիվ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031