Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը: Այս կապակցությամբ մշակույթի նախարարությունում այսօր փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը լրագրողներին հայտնեց, որ փառատոնի շնորհիվ փոքրիկ Հայաստանը աշխարհին է ներկայանում ամենահզորների կողքին. «Փառատոնն ամբողջ աշխարհում Հայաստանի այցեքարտն է դարձել, որի շնորհիվ ճանաչում են մեր երկիրը: Աշխարհի ամենահզորներն արդեն իրենք են դիմում Երևանում հանգես գալու առաջարկով` պատիվ համարելով Հայաստան գալը»:
Պարոն Ռոստոմյանը նշեց, որ այս տարվա ծրագիրը կարեւոր է մասնավորապես Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթի առումով. «Վիեննան դասական երաժշտության իրական դեմքն է, այդտեղ են ծնվել դասական մեծերը` Մոցարտը, Բեթհովենը…Նվագախմբի ժամանումը մեր երկրի հզորությունն է ցույց տալիս: Ընդհանուր առմամբ` տարին հարուստ եւ հագեցած է լինելու»: Պարոն Ռոստոմյանը ասաց, որ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու նաեւ Շանհայի լարային քառյակը, որը Տոկիոյի լարային քառյակի ոգին է կրում. «Այն դասական երաժշտության էտալոնային համույթ է»:
Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նվագախումբը ժամանելու է երկու մարդատար եւ բեռնատար ինքնաթիռով` բոլոր գործիքներով. «Մենք ամեն առումով պատրաստ կլինենք նրանց ընդունելու»: Հովհաննիսյանը նշեց, որ արդեն աշխատում են փառատոնի հաջորդ տարվա ծրագրի վրա:
Կարդացեք նաև
Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը փաստեց, որ «Երևանյան հեռանկարները» հայ արվեստասեր հասարակության համար ապահովում է մշակութային բազմազանություն եւ միջմշակութային երկխոսություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Երևանի հասարակությունը վաղուց չի լսել Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները: Առաջարկում եմ, փառատոնի շրջանակներում նախատեսել նրա հեղինակային համերգը: Հարգանքով` Աշոտ Բաբայան