Հովիկ Աբրահամյանը` Նիկոլ Փաշինյանին
«Մայիսին ընտրություն է լինելու, եւ ես վստահ եմ, որ դուք կեղծելու եք այդ ընտրությունները: Մենք այդ «մասնավոր դեպքի» վերաբերյալ քննարկում ենք ունեցել ԿԸՀ-ում, եւ Դուք հրաժարվել եք վկաներ կանչել: Դուք այդ նույն մեխանիզմով կեղծել եք այդ ընտրությունները, նախագահական ընտրությունները եւ կեղծելու եք առաջիկա ընտրությունները: Այդ կեղծիքի մեղավորը հենց դուք եք»,- այսօր խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված մեղադրանքներ հնչեցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`հարցեր հնչեցնելով`իր ներկայացրած հայտարարությունների մասով քրեական գործ հարուցվե՞լ է, մարդիկ պատժվե՞լ են կեղծիքների համար: Մինչ բուն հարցերին պատասխանելը, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից որ իր «դաստիարակությունը թույլ չի տալիս նման ոճով պատասխանել»: Այնուհանդերձ, Փաշինյանի դատողությունների վերաբերյալ ասաց, որ եթե գտնում է, որ որեւէ պետական մարմին համարժեք չի արձագանքել իր ներկայացրած փաստերին, կարող էր հարցը դատական ատյաններում վիճարկել, ինչը չի արել. «Ավելին, կոնկրետ ձեր ընտրատարածքի հետ կապված, կոնկրետ այդ հանգամանքներով, կա արդեն քննված գործ: Դուք դիմեցիք նաեւ ՍԴ, որը կայացրել է վերջնական ակտ, որոնք գնահատական են ներկայացրած բոլոր հանգամանքներին, եւ դա էլ հիմք է տալիս մեզ ամրագրել այն մոտեցումները, որոնք կան այսօր մեր հայտարարության մեջ»: Մուկուչյանը պնդեց, որ ընտրողների ցուցակների վերաբերյալ առկա չէ որեւէ հիմնավոր դիմում, որը չի բավարարվել: Դրանք եղել են եզակի թվով դիմումներ. «Ես չեմ մոռանում, որ խոսվում է մինչեւ յոթ հարյուր հազարի մասին, բայց եթե իրոք մահոգ եք արդար ընտրությունների համար, ինչո՞ւ այդ փաստերը չեք տրամադրում լիազոր մարմնին`շտկումներ կատարելու համար»: Ընտրությունների ընդհանուր որակման հետ կապված Փաշինյանի ներկայացրած մեղադրանքների առիթով էլ Մուկուչյանն ասաց, որ դրանք, ըստ էության, չեն էլ տարբերվում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացրած զեկույցներից եւ «նման ծայրահեղական մոտեցումներ դրսեւորելն ադեն անհասկանալի է»: Մուկուչյանն ասաց, որ «յուրաքանչյուրը երեւույթներն ընկալում է սեփական ընկալողունակության տեսանկյունից, ուստի, ինքն ավելին ասել չի կարող»:
Փաշինյանը հակադարձեց. «Եթե ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում. Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից հասարակության առջեւ ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք: Ինչի՞ հաշվետվության մեջ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրացվել է հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդ: ՍԴ-ն հարգանքը դեռ պետք է վաստակի, այսօրվա ՍԴ-ն արգահատանքի է արժանի: Ես պատրաստ եմ իմ ասածներն ապացուցել`եկեք գնանք ցանկացած տեղ`բանավեճ, ցանկացած ֆորմատ»: Մուկուչյանն էլ այսպես արձագանքեց Նիկոլի հրավերին.«ՍԴ-ում առիթ ունեցել ենք ձեր հիմնավորումները լսելուն, նենգափոխված փաստերը ներկայացնելուն»,- ասաց Մուկուչյանը`հավելելով, որ ինքն այլեւս հակված չէ լսել Նիկոլի պարզաբանումները: Նիկոլ Փաշինյանը տեղից անընդհատ դիտողություններ էր անում նիստը վարող Հովիկ Աբրահամյանին`վարման կարգի վերաբերյալ իրեն ձայն չտալու համար: Մերթընդմերթ բանավեճից հետո, ի վերջո Հովիկ Աբրահամյանն ընթերցեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 51 հոդվածը, որը սահմանում է վարման կարգի վերաբերյալ ելույթները:
«Դարձել եք միահեծան ղեկավար, բոլորին հրավիրում եք «նա կավյոռ»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ