«Ժառանգության» առաջնորդը բացահայտում է Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ-նամակի պատմությունը
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի մանրամասն արդեն պատմեց իր եւ Սերժ Սարգսյանի իրական առանձնազրույցի մանրամասները եւ պատասխանեց երեկ հրավիրած ասուլիսում նրա դիտարկումներին՝ պարզաբանելով, թե որն է սուտ, որը՝ ճիշտ. «Կեղծված ընտրություններից մի քանի օր անց դուք գիտեք, որ ես գնացի եւ հանդիպեցի պարոն Սարգսյանին: Սուտ է այդ նախադասությունը, որ ես ասել եմ, որ ես չեմ հաղթել: Ես ասել եմ հետեւյալը՝ կեղծված են ընտրությունները, համատարած կեղծիք եղել է, պարոն Սարգսյան, դուք գիտեք դրա մասին: Ձեր թվաբանությունը իրականությանը չի համապատասխանում, դրա համար առաջարկում եմ, որ դուք բացեք բոլոր քվեատուփերը եւ լցոնումներով հանդերձ տեսնեք, թե որն է իրական արդյունքը: Բայց որպեսզի այս զրույցը լինի փոխադարձ հարգանքի, ոչ թե հռետորաբանության շրջանակներում, վերանանք 58 տոկոսից: Դուք ժամանակից շուտ, ասացի, շամպայն խմեցիք թե չէ: Ինքը ինձ ուղղեց, ասեց շամպայն չի եղել: Միգուցե իմն էլ չափազանցություն է, որ ես 80-90 տոկոսով հաղթեցի, բայց դա շամպայնի պատասխանն էր: Ժամանակն է, որ ընտրատուփերի բացման միջոցով եւ ցանկացած պաշտոնյայի պատժման միջոցով խնդիրը լուծվի: Առաջին առաջարկն այն էր, որ նշանակեք երկրորդ տուր՝ երկուսով տղամարդ առ տղամարդ տանենք բանավեճը հրապարակ եւ թող ոչ մեկս իրեն չվերագրի վերջնական ճշմարտությունը: Արդեն գիտեք՝ մերժեց: Առաջարկեցի հետո այն տարբերակը, որը թույլ տար իրեն մնալ՝ որպես դե ֆակտո նախագահ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո ամբողջովին համամասնական ընտրակարգով գնում ենք այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների, որպեսզի հասարակության այս պատկերը, այս օբյեկտիվ պատկերն արտացոլվի: Մի՛ ասեք, որ պատճառներ կան սահմանադրական, բայց դուք գիտեք, որ որտեղ կա քաղաքական կամք՝ բերելու հասարակությանը համերաշխ ապագայի, նաեւ լուծումը կա: Մերժեց: Սխալ էր նաեւ այդ նախադասությունը: Ոչ ինքը, ոչ ես չենք քնարկել իմ մասնակցությունը կառավարական որեւէ համակարգում, հենց ինքն էլ ասաց, որ այո, դա սխալ է: Դրա ավարտին ես ասացի, որ դուք մերժեցիք իմ առաջարկները, համարում եմ, որ անհիմն է, բայց ձեր որոշումն է, հարգում եմ: Ներկայումս օրակարգի սեղանին որեւէ բան չկա եւ ես պարտավոր եմ ներկայացնել մեր ժողովրդին այդ առաջարկները»:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ զրույցից հետո չի եղել որեւէ պայմանավորվածություն, որ մեկը մյուսին փաստաթուղթ պետք է ներկայացնեն. «Ես ասացի, որ ներկա դրությամբ իմ առաջարկները մերժվել են, եւ սպասում եմ ձեր առաջարկներին, եթե դուք երբեւէ ունենաք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ մի շարք բանակցություններից հետո, վերջում ինքը հայտարարել է, որ «եթե բարդույթ կա, եթե ուզում է պարոն Սարգսյանը ծրարով թող ուղարկի, նամակով, միայն ես կընթերցեմ: Սա վերջին առաջարկն էր, որը պահեստային տարբերակն էր, որովհետեւ նախընտրելի էր դեմ առ դեմ: Հանդիպումը չկայացավ, պարոն Սարգսյանը հարմար չնկատեց: Դուք հիշում եք, որ պարոն Աբրահամյանը եկավ, մտանք վրան: Մի հստակ բան իրեն ասացի, որ ես իր աչքերին նայեցի եւ ասեցի՝ դուք միջնորդ կամ սուրհանդակ չեք: Շնորհակալ եմ ձեր քաղաքավարական այցի համար, ուրիշները չեն անում՝ դուք արեցիք, բայց դրանից այն կողմ դուք դերակատարում չունեք»:
Կարդացեք նաև
Պարզվում է՝ այդ հանդիպումը շարունակություն է ունեցել, որի մասին պարոն Հովհաննիսյանը պատմեց այսօր. «Հանդիպման հաջորդ օրը պարոն Աբրահամյանը զանգում է Արմեն Մարտիրոսյանին եւ իրեն տալիս է փակ ծրար: Ծրարի վրա գրված է՝ Ազգային ժողով: Երկու էջանոց գրություն է, որը իր բովանդակությամբ ծաղր է ժողովրդին: Մարտի 16-ն էր: Դա վերաբերում էր Սահմանդրական հանրաքվեի հանձնաժողով անելուն, սա ծաղր է եւ փշրանք: ԱԺ-ից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ, որը ունի 12 օր վաղեմություն, որն արդեն մերժվել էր մեր ֆրակցիայի ղեկավարի կողմից՝ Ռուբեն Հակոբյանի կողմից: Պարոն Սարգսյանն ասում է, որ մենք պայմանավորվեցինք այն ժամանակ: Ես ոչ թե խաչ քաշեցի, որովհետեւ խաչը սուրբ է, այլ՝ իքս դրեցի: Շրջան գծեցի ԱԺ-ի հասցեի շուրջ եւ ուղարկեցի պարոն Սարգսյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
крестики.. нолики… детский сад, и только!