Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքներ են տարվում Աննի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու եւ Մայր տաճարի վերականգնման հարցում (Տեսանյութ)

Մարտ 19,2013 13:39

«Պոլսի հայկական պատրիարքարանի կողմից կազմված  պաշտոնական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում հայկական հուշարձանների թիվը անցնում էր  2000-ը: Այդ թվում էին 4-5 դդ. վաղ քրիստոնեական հուշարձաններ, որոնք ավերվել են ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` 464 հուշարձան էլ անհետացել է»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայոց ազգային համագումար հ/կ-ի խորհրդի անդամ, Հայաստանյան գրասենյակի համանախագահ Արագած Ախոյանը:

«Թուրքիայի ցինիկ վարչակազմը, ցանկանալով վերացնել հայկական ինքնությունը, մեր պատմամշակութային արժեքները վերածեց մզկիթների եւ  ախոռների կամ քանդեց»,-հավելեց նա: Պարոն Ախոյանը նշեց, որ վերջին տասնամյակում վերանորոգվեց  Աղթամարի եկեղեցին, Դիարբեքիրի սուրբ Կիրակոսը,  որը հայությանն է պատկանում:

Աղթամարի վերականգնման շուրջ ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանն ասաց, որ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը Թուրքիայի մշակույթի նախարարության հետ այդ ուղղությամբ աշխատեց դեռեւս 2003թ.-ից. «իսկ 2005-ին ավարտվեց նախագիծը, համաձայն որի` 2,5 միլիոն եվրոյի դրամի ներդրում կատարվեց»:

Գյուրջյանը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Աննի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու եւ Մայր տաճարի վերականգնման հարցում. «Պատվիրատուն Թուրքիայի մշակույթի նախարարությունն  է, իսկ մնացած գումարը Հուշարձանների համաշխարհային ֆոնդն է տալիս: Վերջինիս  դիմել էինք երկու տարի առաջ` հայ մասնագետների ներկայությունն ապահովելու խնդրանքով: Դիմեցինք նաեւ ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր ասամբլեային, որը տեղի ունեցավ 2011թ.-ին` Փարիզում: Ներկայացրեցինք բանաձեւ, որով պնդում էինք, որ վերականգնման  ընթացքում լինի միջազգային փորձագետների խումբ, որում ընդգրկված կլինեն նաեւ հայ մասնագետներ:  Նախորդ տարի Թուրքիայի մշակույթի նախարարությունն առաջարկին դրական պատասխան տվեց: Կարծում եմ` այս տարի արդեն կներկայացնենք մեր մասնագետներին, արդեն ունենք թեկնածու»:

Գյուրջյանի խոսքով. «Վերականգնման աշխատանքները լավ են ընթանում` մասնագիտական բարձր մակարդակի վրա»:

Ինչ վերաբերում է Երևան-Վան չվերթին, Արագած Ախոյանի խոսքով` այն կնպաստի գործարար կապերի ընդլայնմանը, իսկ պարոն Գյուրջյանի կարծիքով` այն ավելի շատ կոմերցիոն նպատակների կծառայի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031