Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բուլվարային թերթը տրամադրություն է ստեղծում»

Մարտ 19,2013 13:36

Չնայած սրան, գերմանացի ճանաչված լրագրող Ուդո Պրենցելը կողմնակից է էթիկայի սահմաններում գործող լրագրության:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանում էին գերմանացի ճանաչված լրագրողներ Յութա ֆոմ Հոֆեն եւ Ուդո Պրենցելը: Պարոն Պրենցելը սիրով համաձայնեց հարցազրույց տալ «Առավոտին»: Նա լրագրողական 30-ամյա փորձ ունի, ներկայումս զբաղված է ավելի պակաս փորձառություն ունեցող լրագրողներին մարզելով: Ուդո Պրենցելը նաեւ ռադիոյի հաղորդավար է:

Նրան հարցրինք, թե ինչպես կբնորոշի այսօրվա գերմանական մամուլը:

«Կարծում եմ՝ Գերմանիայում մամուլի ազատությունը բարձր մակարդակի վրա է: Որպես լրագրող, ես նկատել եմ, որ շատ քիչ սահմանափակումների եմ ենթարկվել, որոնք հիմնականում բխում են օրենքներից, բայց մյուս կողմից էլ, կարող եմ ենթադրել, որ իմ աշխատանքը կարողանում եմ շատ լավ կատարել, համապատասխան տեղեկություններ ստանալ ու փոխանցել լսարանին»,- ասաց լրագրողը:

Գերմանիայում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքում ի՞նչ համապատասխան իրավական հետեւանք կլինի:

«Ես նույնիսկ չգիտեմ, արժի՞ նման բաների համար պատժել… Ունեցել ենք դեպքեր, երբ փորձել են որոշակի ազդեցություն ունենալ մամուլի վրա, բայց այդ դեպքերում այդ մարդիկ ստիպված են եղել հրաժարական տալ»,- հայտնեց մեդիա փորձագետը:

Նա նաեւ նշեց, որ ԶԼՄ-ների խնդիրները տնտեսական բնույթի են, ֆինանսական միջոցների սղության պատճառով լրագրողները երբեմն կդժվարանան հետաքննություն իրականացնել, ավելի շատ ուսումնասիրություններ անել, ինչից նյութը բնականաբար կշահեր:

Հետաքրքրվեցինք, թե գերմանական հասարակության կյանքում ի՞նչ դեր ունի բուլվարային մամուլը: «Օրինակ՝ մեր կանցլերներից մեկը մի ժամանակ ասել է, որ եթե ինքն ունենար Bild-ը, որը խոշոր բուլվարային թերթ է, կկարողանար վերահսկել ամբողջ Գերմանիան: Բուլվարային թերթ լինելով հանդերձ,  Bild-ն իսկապես կարողանում է որոշակի տրամադրություն ստեղծել»,- պատասխանեց Ուդո Պրենցելը:

Արդյոք իրենց երկրում է՞լ է տպագիր մամուլը նահանջում, եւ հատկապես ո՞ր խավն է տպագիր մամուլը կարդում: «Երիտասարդներն ավելի քիչ են թերթեր կարդում, ընդհանրապես գնալով պակասում է տպագիր ԶԼՄ-ների ընթերցողների ու բաժանորդների թիվը, եւ շատ մարդիկ արդեն խոսում են տպագիր թերթերի մահվան մասին: Ի դեպ, վերջին շրջանում նույնիսկ որոշ թերթեր են փակվել, եւ դրանք փոքր թերթեր չեն եղել»,- նշեց մեր զրուցակիցը:

Խնդրեցինք, որ Ուդո Պրենցելը խոսի Գերմանիայում լրագրողական էթիկայի խախտման դեպքերի եւ դրանց վերաբերյալ՝ Գերմանական մամուլի խորհրդի արձագանքների մասին:

«Մեզ մոտ էլ է պատահում, որ լրագրողները էթիկայի սահմաններում չեն մնում, դա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ սենսացիաներ են ցանկանում ունենալ: Տարիներ առաջ Գերմանիայի մի քաղաքում մոլագարը դպրոցականների էր սպանել, եւ որոշ լրագրողներ զոհված երեխաների ծնողներին բերել էին տեսախցիկների առաջ ու ցանկացել դրանից սենսացիա կորզել: Այդ երեւույթը մեծ արձագանք ունեցավ Գերմանիայում, որովհետեւ չի կարելի ողբերգություն ապրած մարդկանց միջոցով սենսացիա անել: Իհարկե, բուլվարային թերթերի պարագայում միշտ էլ նման բաներ հնարավոր են, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եւ ամեն ինչ չափազանցնում են: Գերմանական մամուլի խորհուրդը կոչված է ուսումնասիրելու, հետազոտելու հենց նման բաները, որոնց էլ մասնագիտական նախատինքի դեպքերն են հետեւում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031