Ըստ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու՝ Սերժ Սարգսյանն ունի բարոյական մանդատ՝ իրականացնելու համարձակ քայլեր ԼՂ կարգավորման գործընթացում:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նոյեմբերին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում խոսելով Հայաստանի կողմից վարվող բազմավեկտոր քաղաքականության՝ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի հետ համագործակցության, ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ միտք էր արտահայտել, որը փորձագիտական շրջանակներում, մամուլում բավական քննարկվեց այս ընթացքում:
«Դուք ինքներդ պատասխանեք՝ կուզեք իմ երկրի՞ հետ գործ ունենալ, թե՞ ինչ-որ միջինասիական երկրի: Մի կողմից՝ ԵՄ-ին ինտեգրվելը ես հասկանում եմ: Եվ եթե ես ճիշտ եմ հասկանում նախագահի եւ վարչապետի խոսքերը, ապա դա է երկրի արտաքին քաղաքականության բռնած ուղին: Իսկ ի՞նչ ունենք մյուս կողմում. Եվրասիական միություն: Կա՞ այդպիսի կազմակերպություն: Ի՞նչ է Եվրասիական միությունը: Երբ լինի այդպիսի կազմակերպություն, այդ ժամանակ էլ կխոսենք, թե ինչերի միջեւ է պետք ընտրություն կատարել: Ընտրել ինչերի՞ միջեւ: Ընտրությունը պետք է իրական լինի: Եվրասիական միություն գոյություն էլ չունի»,- հայտարարել էր Լեհաստանի դեսպանը վերոնշյալ հարցազրույցում:
«Առավոտ»-ը Զդիսլավ Ռաչինսկուն խնդրեց գնահատել մի քանի ամիս անց իր բարձրացրած վերոնշյալ ընտրության հորդորին հաջորդած հայաստանյան գործընթացները: «Եվրոպական ուղղությունը, ԵՄ-ի հետ սերտ համագործակցության ձգտումը հռչակված է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. սա մենք ընդունում ենք։ Այժմ քաղաքական ինտենսիվ երկխոսություն է ընթանում, դա դրսեւորվում է Հայաստանի մասնակցությամբ այն ուղղություններով, որը առաջարկում է Հարեւանության քաղաքականությունը՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում, ինչը հովանոցի դեր է տանում մերձեցման գործընթացի վրա: Դեկտեմբերին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը կկիրառվի մի քանի ամիս անց՝ սա փաստ է: Ինչպես նաեւ ներկայումս Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ռաունդն է»,- նկատեց Զդիսլավ Ռաչինսկին:
Կարդացեք նաև
Դեսպանը հավելեց, որ մյուս կողմից՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ այս առումով հակասություն չի տեսնում: «Այժմ կա մի նոր առաջարկ, նոր գաղափար՝ Եվրասիական միության վերաբերյալ: ԵՄ-ի դիրքորոշումը հետեւյալն է, որ միաժամանակ երկու տնտեսական համագործակցության կազմակերպություններին մասնակցությունը դժվար համատեղելի է: Այս բանավեճի մասնակիցների մի մասը կարծում է, որ դրանք բացարձակապես անհամատեղելի են, մյուսները կարծում են, որ հնարավոր է՝ Հայաստանին հաջողվի այս հարցում եւս պահպանել բազմավեկտոր քաղաքականություն: Ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր դրանք համատեղել, գուցե ես չունեմ անհրաժեշտ տեղեկություններ եւ գիտելիքներ: Ռուսաստանը, կարծում եմ, հնարավորություն ունի այս հարցում դրական դեր ստանձնել տնտեսական համագործակցության հարցում: Ես այդպես չէի հակադրի այս գաղափարները՝ որպես առճակատման մեջ գտնվող հարցեր, այլ ավելի հակված կլինեմ ներկայացնել այն որպես առաջարկ, որի շուրջ Հայաստանը պետք է չափի, թե որն է իր համար առավել շահավետ: Սա շարունակական գործընթաց է՝ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացում կունենա եւ ինչի կհանգեցնի: Կարծում եմ՝ «կամ-կամ»-ի հարթությունում չարժե դիտարկել այս հարցը, իհարկե, այն կարելի է կտրուկ առաջ քաշել, բայց պատասխանը միանշանակ չպետք է լինի»,- պարզաբանեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:
Զդիսլավ Ռաչինսկին անդրադառնալով 2008-ին Սերժ Սարգսյանի կողմից «նախաձեռնողական քաղաքականության» շրջանակներում կիրառված «ֆուտբոլային դիվանագիտությանը» եւ հարցին, թե այժմ՝ իշխանավարման երկրորդ շրջանում, ի՞նչ կարող է առաջարկել միջազգային հանրությանը, նկատեց, որ Հայաստանը կովկասյան հանգույցի անփոխարինելի մասն է, եւ Լեհաստանը եւս աջակցում էր Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Չգիտեմ, թե որքանով է հնարավոր գործընթացի վերականգնումը, քանի որ երկու կողմերից է կախված արձանագրությունների վավերացումը: Սակայն նախագահ Սարգսյանը ունի հնարավորություն, պոտենցիալ, բարոյական մանդատ՝ իրականացնելու համարձակ քայլեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ես չէի զարմանա, եթե այս հինգ տարիների ընթացքում նախագահն այս ուղղությամբ քայլեր իրականացներ, իհարկե՝ պարզ է, որ սա երկու կողմերի միջեւ խնդիր է, եւ իհարկե՝ լինում են առիթներ, որոնք արգելակում են կարգավորման գործընթացը եւ հետ են մղում այն»:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Ռաչինսկին այն դիվանագետներից է, ով ուշադրությամբ ընթերցում է Սերժ Սարգսյանի բոլոր ելույթները եւ կարծում է, որ 2008-ից սկսած՝ Ս. Սարգսյանը Հայաստանի խնդիրները կոչում է իրենց անուններով։ «Ես կիսում եմ հայ փորձագետների եւ ընդդիմության ներկայացուցիչների այն տեսակետը, որ դեկտեմբերի 15-ին նախագահի ելույթը Հանրապետական կուսակցության համագումարում բավական ամբիցիոզ եւ ծրագրային հաջողված ելույթ էր: Դրա իրականացումը՝ ներքին զարգացումների, եվրոպական կողմնորոշման, ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ, պարզ է, որ ունեք ձեր պատկերացումները, բայց, այնուամենայնիվ, խոսքի, հանրահավաքների ազատությունները իրական ձեռքբերումներ են, եւ սա դժվար կլինի ժխտել: Այս ոլորտներում հետագա զարգացման ուղղությամբ իմ երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին, ինչի մասին ասվում էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու շնորհավորական ուղերձում, երբ նա ողջունեց Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, ժողովրդավարության ընդլայնումը եւ քաղաքացիական հասարակության կառուցումը: Մեր երկիրը այստեղ այլ հետաքրքրություն եւ շահագրգռվածություն չունի, քան Հայաստանի ձեռքբերումը՝ զարգացման, կայունության հարցում, դրանում մենք իսկապես հետաքրքրված ենք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Զդիսլավ Ռաչինսկին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ