Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը երեկ հանդիպել է երկրում Լիտվայի դեսպան Արտուրաս Ժուրաուսկասին եւ նրան բողոքի նոտա է փոխանցել լիտվական խորհրդարանում` Սեյմասում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման կապակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում են, որ Խալաֆովը հայտարարել է, թե Լիտվայի Սեյմասում հիշյալ խմբի ստեղծումը հարուցել է ադրբեջանական կողմի բողոքը եւ մտահոգությունը, լիտվացի խորհրդարանականների այդ քայլը «միջազգային իրավունքի կոպիտ խախտում է» եւ ստվեր է գցում երկու երկրների հարաբերությունների վրա։
Լիտվացի դիվանագետը, իր հերթին, ասել է, որ հասկանում է պաշտոնական Բաքվի մտահոգությունը եւ այն կհասցնի իր երկրի կառավարությանը։ Միաժամանակ, դեսպանը ընդգծել է, որ Լիտվայի օրենսդրությունը խորհրդարանի յուրաքանչյուր անդամի թույլ է տալիս հանդես գալ որեւէ նախաձեռնությամբ, եւ Սեյմասի մի խումբ պատգամավորների նախաձեռնությունը չի արտացոլում երկրի կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը։
Խալաֆ Խալաֆովը, սակայն, հայտարարել է, թե նման պատասխանը չի բավարարում ադրբեջանական կողմին, եւ բողոքի նոտա է փոխանցել Արտուրաս Ժուրաուսկասին։
Կարդացեք նաև
Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնության կապակցությամբ մեկ այլ նոտա էլ շաբաթներ առաջ Վիլնյուսում Ադրբեջանի դեսպանն էր հանձնել Լիտվայի արտգործնախարարությանը։ Այդուհանդերձ, օրերս բարեկամության խումբը պաշտոնականացվեց։
Արման Հովհաննիսյան
«Ազատություն» ռադիոկայան