Այսօր խորհրդարանն աշխատանքը սկսեց նախորդ օրը քննարկված օրենքների քվեարկությամբ, ինչից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց պատգամավորների հարցերին` 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ-ի ներկայացրած հաղորդագրության մասին: Մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վարման կարգի վերաբերյալ ձայն էր խնդրել մինչ հարց ու պատասխանին անցնելը: Սակայն, նիստը վարող Հովիկ Աբրահամյանն այդպես էլ նրան ձայն չտվեց:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցերը վերաբերում էին ընտրողների ցուցակների հրապարակմանը, գումար`ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Մուկուչյանն ասաց, որ խնդիրը վերաբերում է իրավական ակտերի կարգավորումներին, խնդիրն իր դեմ լինելը չէ եւ վկայակոչեց ընտրողների ցուցակների հրապարակման սահմանափակումներին վերաբերվող օրենսդրական ակտերը, ՍԴ-ի որոշումները:
Ընտրակաշառքը, որպես հանցագործություն, ներառված է քրեական օրենսգրքում, ԿԸՀ-ն էլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացրել է`սոցիալական գովազդ եւ այլն:
«Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը այդ հարցերի վերաբերյալ: Ի՞նչ էիք անում դուք, երբ հանրապետությունով մեկ փող էր բաժանվում»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Կարդացեք նաև
Մուկուչյանը դարձյալ շրջանցեց Հակոբյանի ուղիղ հարցերը`վկայակոչելով այդ խնդիրների վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները եւ օրենսդրական ակտեր, ասելով, որ ինքը համակարծիք է այդ նկատառումների հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ