«ՄԱՊ» ընկերությունից ավելի քան 32 միլիոն դրամի խմիչքեղեն և սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող Սիլվա Խաչատրյանը մարտի 18-ին դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ կալանավորը մարտի 15-ին դատարանում դիմում էր ներկայացրել, ըստ որի՝ ի նշան իր նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման և անհիմն կալանավորման այդ օրվանից հացադուլ է հայտարարելու:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Pastinfo.am»-ը, Ս.Խաչատրյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ նա 2005 թվականից մինչև 2009թ. մայիսի 6-ը, բանավոր պայմանավորվածության համաձայն, իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի կոնյակների, գինիների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: 2009թ. մայիսի 11-ին արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և «ՄԱՊ» ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր: Ս. Խաչատրյանը համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Սակայն նշված ժամանակահատվածում Ս. Խաչատրյանը, ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ, վաճառքից ստացված ապրանքների 32 935.1 հազար դրամ գումարը չի մուտքագրել ընկերության դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ներկայացրել է իբրև չվաճառված ապրանք ու նշված գումարը հափշտակելով, ծախսել է իր անձնական կարիքների համար:
«Առավոտ» օրաթերթի տեղեկացմամբ, Ս.Խաչատրյանն ունի երկու անչափահաս երեխան, որոնցից մեկից նա տեղեկություն չունի։ «Մի երեխայից երկար ժամանակ տեղեկություն չունի, կորել է, ուստի իր ապրելն այլևս իմաստ չունի, քանի որ հորինված քրեական հետապնդում է իրականացվում, իրեն կալանավորել են, իսկ իր ընտանիքը վերջնականապես կործանվում է», – գրել է թերթը։