«Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ բացարձակապես սով չեմ զգում: Այնպես որ ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ լիազորված՝ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությամբ»,- այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես պատասխանեց Սերժ Սարգսյանին::
Նրա խոսքերով՝ «Ես ցավում եմ, որ պարոն Սարգսյանին թվում է, թե վիշտ եմ պատճառել, որը ինքը հարմար նկատել է ծաղրել իմ բարեւը, իմ ժպիտը եւ ավելի վատ՝ ծաղրել ժողովրդի քվեն: Արդեն մտնելով թվաբանական գործերի մեջ, թե հրապարակում քանի հոգի կա՝ 3000՞, ես նույնպես տեսողական խնդիրներ չունեմ, բայց կարծում եմ, որ չարժի այդքան իջնել 3000-ների մեջ: Մենք այս հրապարակում 3000-ից բազմաթիվ անգամներ շատ մարդ ենք հավաքում, թեեւ ես ասել եմ, որ մեր չափանիշը թե քանակն է, թե որակն է »:
Նա հորդորեց, որ դուրս գա այդ հին մեթոդներից եւ թվերից: Եթե նա գտնում է, որ 30 հազարը շատ ավելի տպավորիչ է, թող սպասի ավելիին, բայց դա միակ գրավականը չէ. «Ինձ վերագրում է հարգելի պարոն Սարգսյանը անպարկեշտ բառեր, հայհոյանքներ: Մի՞թե: Անպարկեշտությունը, հայհոյանքը փետրվարի 18-ին ժողովրդի ձայնի, կեղծիքի, ստի, համատարած խախտումների բերմամբ սեփական հաղթանակը տոնելն է: Շամպայնով թե առանց շամպայնի՝ կարեւոր չէ: Դա է հայհոյանք է սեփական ժողովրդին»:
Նա պնդեց, որ Սերժ Սարգսյանը պետք է երկրորդ փուլ հայտարարի ընտրությունների. «Շնորհակալ եմ պարոն Սարգսյանին, որ ինքը բացեց իր պահանջած խորհրդապահական ճանապարհը, որը ավելի առողջարար է լինելու մեր ապագայի համար: Միայն այն փաստը, որ իր քարոզչանյութը դեպի ապահով Հայաստան գտնվում էր հազարավոր պետական շենքերի վրա՝ գյուղապետարաններ, համալսարաններ, մշակութային պալատներ, այդ փաստը, որ մենք ապացուցել ենք, ոչ միայն բավարար է, այլ հրամայաբար պետք է բերի այս ընտրությունների կեղծված գնահատակին: Էլ չենք խոսում բռնությունների, բազմակի քվեարկությունների մասին, չենք խոսում հրամանատարների մասին, ովքեր իրենց զինվորներին բերեցին բաց քվեարկության»:
Նա խնդրեց Սերժ Սարգսյանին չխոսել վերեւից. «Ես ժողովրդի անունից չեմ խոսում, չխեղե՛ք, չխեղաթյուրեք իմ խոսքը: Ես ասել եմ, որ ժողուրդը իմ անունից խոսել է: Մենք հիմա գտնվում ենք հրապարակային, բաց, թափանցիկ շրջափուլում, թե՛ ինքը, թե՛ ես հաշվետու ենք մեր խոսքերի համար: Ակնկալում եմ, որ եթե երբեւէ լինի որեւէ գործընթաց, որը մեր երկիրը բերի սահմանադրության դաշտ, այդ ամեն ինչը լինելու է բոլորիս աչքի առաջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ