Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Մարտի 1-ի բոլոր հարցերի պատասխանները ԲՀԿ ներսում են»

Մարտ 19,2013 12:25

Հատվածներ «Առաջին լրատվական»-ին  2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից:

– Այն ժամանակ ասում էին, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեց «գոլորշի բաց թողնելու» համար: Այս նոր հանձնաժողովն ինչի՞ համար է ստեղծվում

– Եթե Դ. Հարությունյանը կա այս հանձնաժողովում, ես չեմ հավատում, որ կտանի դեպի բացահայտում: Նախկինում ես չեմ տեսել, որ նա և շատերը, ովքեր մասնակցում էին Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքներին ու այլ գործընթացներին, լիարժեք բացահայտումների հասնելու համար իրական շահագրգռվածություն ցուցաբերեին:

– Ամեն դեպքում իշխանություններն ինչո՞ւ համաձայնեցին, որ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի:

– Իշխանությունները նախ պետք է կարողանան բացատրել, ինչու չպետք է համաձայնեն: Եվ քանի որ իրենք չեն կարողանալու բացատրել, թե ինչու են դեմ նման հանձնաժողովների ստեղծմանը, և քանի դեռ որևէ բացահայտում իրականություն չի դարձել, անընդհատ բացահայտմանը տանող ինչ-որ մարմին ստեղծելու պահանջ է լինելու: Եթե նախաքննական մարմինը բացահայտումներ իրականացրած լիներ, հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն երբեք չէր լինի: Իսկ եթե դա իրականություն չի դառնում, որևէ հանձնաժողով չի կարող որևէ բացահայտում անել: Բայց հանձնաժողովների ստեղծումը, կարծում եմ, կարող է նպաստել, որ ինչ-որ բան մեռյալ կետից կարողանա թեկուզ  շարժվել: Գոնե թեման կմնա ակտուալ, որովհետև դա լուծում պահանջող հարց է: Հիմա ստեղծվում է մեկ այլ հանձնաժողով, որը խնդիր ունի բացահայտել կամ ուսումնասիրել իրավապահ մարմինների իրականացրած գործունեությունը, որոնց արդյունքում մենք չունենք բացահայտում: Կարծում եմ, որ գաղափարը ճիշտ է դրված, բայց խնդիրն այն է, թե դա ինչի կարող է բերել: Բնականաբար, այդ հանձնաժողովը լիարժեք բացահայտման հնարավորություն չի ունենա, և Մարտի 1-ի չբացահայտված լինելը նորից կմնա լուծում պահանջող խնդիր: Իսկ լուծումը պետք է իրականացնեն իրավապահ մարմինները` ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողության ներքո, որոնք այսքան տարիների ընթացքում բացահայտումներ չլինելու մասին տրամաբանական որևէ բացատրություն չկարողացան տալ: Առնվազն «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում սպանվածների և վիրավորների հարցում կարող էին լիարժեք բացահայտում տալ:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե իր կուսակցությունը միանշանակ կողմ է, որ բացահայտվեն, թե մարտի 1-2-ին «ովքեր են կրակել ժողովրդի վրա, ովքեր են տվել կրակելու հրամանը, որտեղից են բերվել այդ կրակողները»:

– Ն. Զոհրաբյանն ունեցել է այդ հնարավորությունը տարիներ առաջ, բայց նա նույն ջանասիրությամբ բացահայտում չէր պահանջում և սպասարկում էր իմիտացիոն գործընթացներին: Իսկ հիմա նա իր այդ հարցերի պատասխանները ստանալու շատ ավելի կարճ ճանապարհ ունի: Ընդամենը պետք է իր խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին հարցնի, թե ովքեր էին իրեն հրաման տալիս, և ինքն ինչ ապօրինի հրամաններ էր տալիս, որոնց արդյունքում և «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում առնվազն 3 քաղաքացի մահացան: Առանց հանձնաժողով ստեղծելու` ԲՀԿ-ն ամենամեծ հնարավորությունն ունի բոլոր հարցերի պատասխանները ճշտելու իր կուսակցության ներսում: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ԲՀԿ կազմում է, որն այն ժամանակ շատ կարկառուն անձնավորություն էր, ապահովում էր այդ գործընթացների արտաքին սպասարկման համակարգը և, բնականաբար, շատ տեղեկացված էր: Կարծում եմ, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող համակարգի լուրջ անդամներից մեկն էր: Այնպես որ, ամպագոռգոռ հայտարարություններով չէ, որ պետք է այս ամենը իրողություն դառնա, դրան պետք է նպաստեն կոնկրետ գործողություններով:

– Ի՞նչ հույսեր կան, որ այս հանձնաժողովն ինչ-որ բան կբացահայտի:

– Ես հույս չունեմ, որ հանձնաժողովը կարող է որևէ բան բացահայտել, բայց կարևոր է, որ իշխանություններն այսօր էլ չեն կարող մերժել հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Իսկ իշխանությունները չեն կարողանում մերժել, որովհետև խնդիրը լուծում է պահանջում: Եվ քանի դեռ այդ լուծումը չկա, և եթե այս հանձնաժողովն էլ որևէ բան չկարողանա անել, նորից  հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն է լինելու: Այլ բան է, թե հանձնաժողովների խնդիրն ինչ պետք է լինի: Հանձնաժողովները պետք է ստիպեն, որ իրավապահ մարմինները գնան լիարժեք բացահայտումների: Եթե այս հանձնաժողովը կարողացավ այդ խնդիրը լուծել, փառք ու պատիվ իրեն, եթե չկարողանան, ապա նորից կստեղծեն հանձնաժողովներ: Այսօրվա իշխանությունները տվեցին հավաստիացում, բայց չգնացին բացահայտումների: Բացահայտման լիազորությամբ որևէ հանձնաժողով օժտված չէ, այդպիսի լիազորություններով օժտված են պատկան մարմինները:

 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031