«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանում է ՀՀԿ փոխնախագահին
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «սատանիստական երեւույթներ» է տեսնում ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «այլընտրանքային ինաուգուրացիա» անցկացնելու մտադրության մեջ: Նա «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հետեւում կանգնած է աղանդավորական կազմակերպություն. «Նրանց թիկունքում, ես արդեն սկսում եմ համոզվել, որ կա ինչ-որ աղանդավոր կազմակերպություն, որը հրահրում է եւ կառավարում է իրենց: Դա կարող է լինել ե’ւ դրսից, ե’ւ ներսից: Կարծում եմ, որ նման մի կազմակերպություն կա, որ այս մարդկանց չի թողնում, որ սրանք հանգստանան: Ի՞նչ է նշանակում, ասենք, Ազատության հրապարակում ինաուգուրացիա անել, Րաֆֆիին ընտրել նախագահ: Սա ինչ-որ սատանայական ծիսական կարգեր են, որոնք հենց աղանդավորության հետ են կապված: Հավասարության, արդարության, ազատությունների լոզունգների տակ տեղի են ունենում քաղաքակրոնական ինչ-որ ծիսակարգեր, որը ես կանվանեի սատանիստական»:
Այսօր այս առնչությամբ Aravot.am -ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեկնաբանեց. «Սատանիզմով կամ այդ գաղափարախոսությամբ երբեք չեմ հետաքրքրվել եւ ցանկություն էլ չեմ ունեցել: Բայց լսելով իրեն՝ կարծես նա շատ պրոֆեսիոնալ տիրապետում է այդ գաղափարախոսությանը: Բայց առնվազն սատանա պետք է լինել, որպեսզի հրապարակի այս հազարավոր ժողովրդին եւ նրա առաջնորդին մեղադրել սատանիզմին մեջ»:
Մեր դիտարկմանը, որ Ռազմիկ Զոհրաբյանը նաեւ աղանդավորական հենք է տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքում՝ նա պատասխանեց. «Երեւի դա էլ սատանիզմի մեջ է մտնում: Երբ մարդիկ չեն տեսնում եւ չեն ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում պետության մեջ, չեն ուզում հասկանալ, որ պետությունը կործանում են իրենց շահերի համար՝ կեղծելով ընտրությունները, կարող են ամեն մի անհեթեթություն վկայակոչել: Դրա համար լուրջ չեմ գտնում մեկնաբանել ավելի մանրամասն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հանրապետականների մոտ արդեն շիզոֆրենիայի ախտանիշներ է նկատվում: