Հարգելի Սամվել Բալասանյան և Վարդան Ղուկասյան, այս էլ քանի օր Հայաստանի լրատվական դաշտը և սոցցանցերը ողողված են ձեր` միմյանց հասցեագրված, վիրավորանքով լեցուն ելույթներով, դրանց մեկնաբանություններով, գնահատականներով, վատատեսական կանխատեսումներով, որոնցից, ճիշտն ասած, լավ հոտ չի գալիս: Ում –ում, բայց ինձ, անկեղծ ասած, սրտամոտ չէ այս իրավիճակը, ավելին` ես խորը ափսոսանքով եմ հետևում, թե ինչպես է երկու վաստակած գյումրեցիների անհաշտությունը դառնում ոմանց անառողջ հետաքրքրասիրության առարկան, ինչպես է ամբողջ երկրի աչքի առաջ ընկնում գյումրեցու և գյումրեցի իշխանավորի վարկը: Ես մի քանի օր, զուտ տարիքիս բերումով, լռել եմ: Բայց կարծում եմ, որ սա այն իրավիճակներից է, երբ լռությունը ոսկի չէ: Ես չեմ կարող որպես այս քաղաքի մարդ և գյումրեցիների կողմից ընտրված պատգամավոր նստել ու սպասել, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, որից , իմ համոզմամբ, ոչ ոք չի շահում: Չեմ կարող մարդկայնորեն հանդուրժել, որ մեր քաղաքի հոգսը անձնական, նեղ անձնական դաշտ տեղափոխեն 13 տարի այս քաղաքի համար աշխատած, քարը քարին դրած նախկին քաղաքապետը և նոր գաղափարներով ու ավյունով, քաղաքը վերակառուցելու ցանկությամբ գործն ստանձնած նորընտիր քաղաքապետը:
Եվ ոմանց իզուր է թվում, թե լեզվակռվի ամեն մի փուլից հետո պատասխանողը շահում է, հասցեատերը` տուժում, մեկն ավելի դուխով է, քան մյուսը: Ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում` ասելով, որ տուժում ենք ու խայտառակվում բոլորս: Հանիրավի ցեխոտվում է ամեն ինչ, ամեն անուն ու վաստակ և` իզուր:
Հարգելի նախկին և ներկայիս քաղաքապետեր, ես ձեզ կոչ եմ անում և խնդրում, որ վերջակետ դնենք արդեն ասվածին, թույլ չտանք չարակամին հեգնանքով խոսել մեր քաղաքի, մեր նամուսի ու թասիբի մասին: Անհամաձայնությունը չպետք է վերաճի թշնամության և թունավորի հուսահատ և մինչև կոկորդը հիասթափված գյումրեցու առանց այն էլ համ ու հոտից զուրկ կյանքը:
Ես հաշտության և խաղաղության կոչ եմ անում` ի շահ մեր քաղաքի և բոլորիս:
Կարդացեք նաև
Հարգանքներով` Մարտուն Գրիգորյան