– Երեկ խորհրդարանում Դուք առաջարկեցիք Զարուհի Փոստանջյանին դուրս հրավիրել դահլիճից, քանի որ նա խանգարում էր պատգամավորների «բնականոն աշխատանքը»: «Դուրսբերումը» ինչպե՞ս եք պատկերացնում, այն էլ՝ Զարուհու։
– Կանոնակարգ օրենքը նման հնարավորություն տալիս է։ Այնտեղ հստակ նշված է՝ եթե պատգամավորը խանգարում է նիստի աշխատանքների կազմակերպմանը, կատարվածն էլ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել, ԱԺ նախագահին տրված է լիազորություն նման կերպ վարվելու։ (Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 45-րդ հոդվածը սահմանում է, որ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ նիստը վարողի սույն օրենքից բխող պահանջները։ Իսկ նման պատգամավորների նկատմամբ, ըստ կանոնակարգի, հետևյալ կարգապահական միջոցներն են իրականացնում՝ զգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքի սահմանափակում, հեռացում՝ մինչև տվյալ օրվա ավարտը, զրկում մինչև վեց օր ԱԺ նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից- Ռ. Խ.)
– Ուրեմն ինչո՞ւ դուրս չհանեցին։
– է՜հ, երևի հաշվի առան, որ կին է ու կարելի է մեղմ վարվել։ Ինքն այն մարդն է, որ օրենքի հետ ընդհանրապես կապ չունի։ Օրենքով փաստված է՝ ով է նախագահը, դա իր համար նշանակություն չունի, կամ, եթե օրենքով սահմանված է՝ ինչպես պետք է նիստերն ընթանան, դա ևս իր համար նշանակություն չունի։ Ինքն իր օրենքներն է ուզում առաջ քաշել, ես էլ չեմ ուզում իր օրենքներին ենթարկվել։
Կարդացեք նաև
– Եթե ԱԺ նախագահը դուրս չհրավիրեր, Դուք ասացիք, որ Դուք եք «դուրս տանելու»։ Ինչպե՞ս էիք պատրաստվում դա անելու։
– Ոչ թե ես դուրս կբերեի, այլ անձամբ դուրս կգայի։ Ու դուրս եկա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»