Այսօր «Ֆորում» ակումբում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն անդրադարձավ հետընտրական իրավիճակին, նաեւ հնարավոր արտաքին մարտահրավերներին:
Նա հարց տվեց, արդյոք բոլորն են ուզում ապրել հարուստ եւ ապահով Հայաստանում. «Համաձա՞յն ե,ք որ դրան հնարավոր է հասնել միայն ներքին եւ արտաքին լուրջ ներդրումներով, որոնք կարող են կատարվել միայն կայուն երկրներում, համաձայն ե՞ք, որ դա կարող է բերել արտագաղթի նվազման, սոցիալական վիճակի բարելավման, համաձայն ե՞ք, որ այսօրվա գործընթացներն ապակայունացնող են, եւ Հայաստանի վարկը` իջեցնող: Իսկ ապակայունացումից տուժում է միայն ժողովուրդը»:
Շիրխանյանի ձեւակերպմամբ`ինքը ոչ մի թեկնածուի ծրագրերում չի տեսել համակարգը փոխելուն ուղղված դրույթ:
Ըստ նրա` այս ընտրություններն ավելի հանգիստ են եղել, քան նախկինները, քանի որ լրագրողներին չեն ծեծել, խմբագրություններ չեն մտել, տեսախցիկներ չեն կոտրել, իսկ հետընտրական գործընթացները հիմնականում պայմանավորված են եղել նախընտրական փուլին վատ պատրաստվելու պատճառով:
Կարդացեք նաև
Շիրխանյանի խոսքով`այսօրվա գործընթացները չեն կարող բերել այն բանին, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ասի` «Ես հրաժարվում եմ, արի դու ղեկավարի, իսկ ստեղծված իրավիճակը`Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը աստիճանաբար կմարի»:
Aravot.am-ի հարցին, համաձա՞յն եք Սերժ Սարգսյանին ասածին, որ ՀՀԿ ցուցակում օլիգարխներ չկան, Շիրխանյանը պատասխանեց. «Ես ցուցակին չեմ տիրապետում»: Մեր հաջորդ հարցին, օրինակ Սամվել Ալեքսանյանին իբերեւ օլիգարխ Դուք չե՞ք դիտարկում, Շիրխանյանը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը օլիգարխ է եւ ես զարմանում եմ, թե ինչպես է նա ասում, որ ՀՀԿ ցուցակում օլիգարխներ չկան:
Բացի այդ` ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ժողովուրդը քվեարկեց ոչ միայն նախագահի դեմ, այլեւ իր թիմի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ