ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հիշում եմ, երբ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ընդունելությանը ներկայացավ «Ազատություն Ժիրայր Սէֆիլյանին» մակագրությամբ շապիկով։ Հիշում եմ նրա ձայնը, երբ Մարտի 1-ից հետո ոստիկանները մի երեխայի ուժով մեքենա էին փորձում նստեցնել, իսկ նա կառչել էր երեխայից ու բղավում էր. «Ուր եք տանում էս էրեխուն։ Բաց թողեք»։ Մարտի 1-ին և դրանից հետո, քաղբանտարկյալների ազատության համար բոլոր ակցիաներին նա ներկա էր, բանակում խաղաղ պայմաններում զոհված ծնողների հետ՝ Կառավարության շենքի առաջ, և այլն։ Թող որ նրա ձայնն առավել բարձր է հնչում, քան մյուսներինը։
ԱԺ-ում երեկ Զարուհի Փոստանջյանը փորձել է ներկայացնել, որքան հասկացանք, իր հեղինակած նամակը՝ իբրև Սերժ Սարգսյանից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նամակի գեղարվեստական արժեքն առանձին թեմա է։ Սակայն երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բղավում էր՝ «Անջատեք խոսափողը», տղամարդ պատգամավորները բղավում էին, թե պետք է դուրս բերել կարգազանց պատգամավորին, կնամեծարի համբավ վայելող ԱԺ նախագահը չկրկնեց իր երբեմնի սխրանքը, երբ զայրացած տղամարդկանց կոչ արեց հաշվի առնել, որ ամբիոնի մոտ օրիորդ է կանգնած։ Իսկ այս դեպքում ամբիոնի մոտ չորս երեխաների մայր էր։
ԱԺ պատգամավորներն, անշուշտ, իրավունք ունեն պահանջել, որ դահլիճում հարգվի ԱԺ կանոնակարգը։ Սակայն հենց երեկ լրատվամիջոցներում հայտնվեց լուսանկար՝ ԱԺ դատարկ դահլիճը՝ աշխատանքային օրվա պիկին։ Քննարկման էր դրված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը։ ԱԺ փոխխոսնակի թախանձանքը պատգամավորներին՝ վերադառնալ դահլիճ՝ աշխատելու, անարձագանք մնաց։ Սա արդեն թույլ չի տալիս լրջորեն ընկալել խորհրդարանը. ցանկության դեպքում անգամ ԱԺ փոխնախագահի հորդորը՝ կատարել իրենց պարտականությունը, չի կարող պատգամավորներին ստիպել աշխատել։ Եվ հակառակը՝ անցանկալի ելույթը կարող են ընդհատել՝ որպես իրենց աշխատանքին խանգարող գործոն։ Կամ ծաղրել այն։
Ի դեպ, վերջին օրերին հատկապես Ազատության հրապարակում ծավալվող իրադարձությունները փորձ է արվում տեղափոխել ավելի թեթև, ուրախ ժանր՝ հումոր։
Կարդացեք նաև
Կարելի է չպատկերացնել՝ ինչ է նշանակում ստվերային կառավարություն և ծաղրել գաղափարը։ Կարելի է մի լավ ծիծաղել նաև՝ տեսնելով, օրինակ, կիրակի, ուշ երեկոյան, Ազատության դատարկ հրապարակում անձրևին ու ցրտին, իր մի քանի մերձավորների հետ անձևրանոցի տակ նստած Րաֆֆի Հովհաննիսյանին։ Կարելի է կառչել նրա կողմից ասված «իմ դիակի վրայով» արտահայտությանը և բազում սրամիտ հետևություններ անել հանգուցյալների՝ ոչ այնքան մեծ հնարավորությունների մասին։ Կարելի է կանխատեսել հանրահավաքների մարումն ու քմծիծաղ տալ՝ «Ասում էինք, չէ՞, Րաֆֆի Հովհաննիսյանն այն գործիչը չէ, որը կկարողանա գործը մինչև վերջ հասցնել»։ Զվարճախոսությունների արսենալում այլ ծիծաղաշարժ դրվագներ ևս գուցե լինեն։ Այս դեպքում ծիծաղելը, սակայն, ակնհայտորեն վատ տոն է։
Ի վերջո, կարելի է դժգոհ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունից։ Սակայն քեզ համարել կատարվող իրադարձությունների համար պատասխանատվություն չունեցող մեկը, սուրճ ըմպելով և ծխելով՝ տկտկացնել ստեղներին ու ծաղրել նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան առաջարկել,, նշանակում է՝ ունենալ ցածր ինքնագնահատական:
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«168 ժամ»
իհարկե ծաղրելուց ավելի հեշտ բան՞ ‘ բայց շինից մտքերով շարժվելը պահանջում է վեհ հոգի, հանդուրժողականություն և պատկերացում հայ ազգի շատ մոտիկ ապագայի մասին