Ազգային անվտանգության ծառայությունը (ԱՎԾ) և Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ճնշումների նոր փուլ են սկսել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ: Գոյություն ունի երկու Հայաստան՝ իրական և իմիտացիոն կամ վիրտուալ: Եվրոպաներում գործող նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը ներկայացնում է իմիտացիոն Հայաստանը, որտեղ, ըստ նրա, ժողովրդավարությունը «վագրի թռիչքներ է» արձանագրում, զուգահեռաբար իրական Հայաստանում գործող նախագահը լայնամասշտաբ քաղաքական հետապնդում է կազմակերպում քաղաքացիական ակտիվ կազմակերպության և լրատվամիջոցի նկատմամբ:
Որ հիմնադրամի նկատմամբ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի սինխրոն գործողությունները կառավարվում են մեկ կենտրոնից, և այդ կենտրոնը կոորդինացնում է անձամբ Սերժ Սարգսյանը, կասկածից վեր է: Հայաստանում միայն գործող նախագահը քաղաքական հետապնդումներ կազմակերպելու «լիցենզիա» ունի, և միայն նրա հրահանգով իրավապահ համակարգը կարող է հաշվեհարդար տեսնել կոնկրետ կառույցի, առավել ևս՝ նախկին արտգործնախարարի հիմնադրած կառույցի հետ:
Հիմնադրամի նկատմամբ քաղաքական հետապնդումների նոր փուլը սկսվեց այն բանից հետո, երբ Civilnet.am կայքը օպերատիվ սկսեց ներկայացնել հետընտրական զարգացումները, և «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտ ներկայացրեց ներգրավվելու Երևանի քաղաքապետի ընտրություններին:
Գործող իշխանությանը ժողովրդավարական ինստիտուտներն ու իրական մրցակցությունը հետաքրքրում են միայն թղթի վրա կամ իմիտացիոն մակարդակում: Այդ իսկ պատճառով նախագահական ընտրություններին հաջորդող և Երևանի ավագանու ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում իշխանությունը նոր թափով սկսեց զբաղվել «Սիվիլիթաս» հիմնադրամի «շահերի պաշտպանությամբ»:
Կարդացեք նաև
Երկրի առաջ ծառացած իրական մարտահրավերներին դիմագրավելու և խորացող սոցիալ-տնտեսական աղետը հաղթահարելու փոխարեն պետական ապարատը զբաղված է քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով: Տպավորություն է, որ իրավապահ համակարգը քաղաքական դաշտում գրեթե ֆաշիստական Գեստապոյի գործառույթներ է իրականացնում՝ ապահովելով գործող իշխանությունների հարատևությունը: Հավանաբար պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում իշխանությունը ինքն իրեն նույնացնում է պետության հետ և ներքին «համոզվածություն» ունի, որ իր նկատմամբ հնչող յուրաքանչյուր քննադատություն կամ ոչ հաճելի խոսք ուղղված է պետականության դեմ: Սա պետության և իշխանության փոխհարաբերությունների տոտալիտար ընկալում է:
Դերենիկ Մալխասյան
«Օրակարգ»