Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը

Մարտ 19,2013 10:38

Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությունից հետո տվեց իր առաջին կիսահրապարակային արձագանքը: Կիսահրապարակային, քանի որ նա հանդիպեց սահմանափակ թվով լրատվամիջոցների հետ, թեև խոսնակի մակարդակով խոստացավ, որ ասուլիս կտա հերթով՝ բոլորի համար: Իսկ ինչու հերթով և ոչ թե բոլորի համար ու միանգամից: Այս հարցը անէական է թվում, առավել ևս, որ բոլորը հետաքրքրված են Սերժ Սարգսյանի բուն պատասխաններով, թե ինչ է ասել նա Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի կապակցությամբ և ընդհանրապես ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Սակայն հենց այս ֆոնին էլ հարցը՝ ինչո՞ւ լրատվամիջոցների հետ հերթով և ոչ միանգամից, դառնում է կարևոր: 

Հերթով, որովհետև միանգամից ասուլիսներ կազմակերպելը բարդ գործ է, բանախոսին դրանց պատրաստելը դժվար բան է, դժվար է բոլոր հնարավոր հարցերի պատասխանները նախապատրաստելը, դժվար է ասուլիսը և բանախոսի մտքերը վերահսկելը, քանի որ ինչքան էլ կազմակերպվի, ինչ-որ բան, այդուհանդերձ, դուրս է սպրդում: Եվ սա իրավիճակ է: Սա ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ իրավիճակ, ամբողջական ծավալի անընդունակության իրավիճակ: Սերժ Սարգսյանը ներկայումս ի վիճակի չէ ոչ ամբողջական ասուլիս տալ և ոչ էլ ամբողջական գնահատական ու արձագանք տալ իրավիճակին: Այդ իսկ պատճառով նա ընդամենը հակագրոհել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ սեփական որևէ նախաձեռնություն այդպես էլ չի ցուցաբերել: Նա ընդամենը բացահայտել է իրենց զրույցի որոշ մանրամասներ, որոնք, ըստ էության, այսօր ոչ մեկին այլևս չեն էլ հետաքրքրում:

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո հետընտրական զարգացումների տրամաբանությունն է փոխվել, իսկ Սերժ Սարգսյանը արձագանքում էր, ըստ էության, ընդամենը մինչհացադուլյան իրավիճակին, այսինքն` արձագանքում էր ուշացած, արձագանքում էր ժամանակավրեպ արձագանքով: Իսկ հացադուլի, այսինքն` առկա իրավիճակի մասով նա, ըստ էության, ոչինչ չասաց, նա պետությանը, հասարակությանը, այն բոլոր քաղաքացիներին, որոնց նախագահ է իրեն համարում, ըստ էության, ոչինչ չասաց:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միգուցե ոչինչ չի ասում, բայց նա գոնե հստակ դրել է ինքնազոհողության մի նիշ, որը ինչքան էլ հեգնես կամ ծաղրես, ինքնազոհողություն է, հատկապես ինքնագոհ ու կյանքը վայելող իշխանության համեմատությամբ:

Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասում և ոչինչ չի անում, նա որևէ բան չի առաջարկում հասարակությանը` չհասկանալով կամ պարզապես չհասկանալու տալով ներհասարակական իրավիճակն իր ամբողջ խորությամբ: Միևնույն ժամանակ նկատելի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ինքնավստահ երևալ, ցուցադրել իրավիճակը տիրապետելու կարողությունը: Բայց դրա առաջին վկայությունը պետք է լիներ հստակ որևէ մեսիջը հասարակությանը, մինչդեռ Սերժ Սարգսյանը խոսեց միմիայն մերժումների լեզվով՝ պատմելով Րաֆֆի Հովհաննիսյանին ասած ոչ-երի և նրան չայցելելու որոշման մասին և ըստ այդմ` ցույց տալով, թե ինչ չի կարող, և այդպես էլ հստակ չներկայացնելով հանրությանը, թե ինչ է կարող անել:

Եղիազար Այնթապցի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031