Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդհանուր գնահատական տվեց անցած նախագահական ընտրություններին: «Ստանալ ձայների այդպիսի քանակ, ներողություն բառիս համար, առանց ծեծուջարդի, առանց սին խոստումների, առանց շոուների, կարծում եմ, որ դա իրոք մեծ արդյունք էր: Ստանալ այդպիսի տոկոս եւ միեւնույն ժամանակ ստանալ միջազգային դիտորդների գերակշիռ մասով դրական գնահատականը, սա էլ, կարծում եմ, ոչ միայն թեկնածուի, այլ նաեւ երկրի համար շատ լավ գնահատական է: Ես չեմ ասում, որ ընտրությունները եղել են անթերի, բայց ամենաօբյեկտիվ գնահատականները լինում են այն դեպքում, երբ որ դա անում ես համեմատության մեջ: Համեմատենք եւ տեսնենք, քանի՞ հայտարարություն եւ հաղորդագրություն է եղել իրավապահ մարմիններ նախորդ ընտրությունների ժամանակ, համեմատեք եւ տեսեք՝ նախորդ ընտրությունների ժամանակ եղե՞լ է համերաշխության մթնոլորտ: Ունենալ այսպիսի արդյունքներ մի ընտրարշավից հետո, որի ժամանակ գոնե իմ կողմից չի հնչել որեւէ լուրջ քննադատություն, սեւ փիառ չենք արել, անձնական վիրավորանք որեւէ մեկին չեմ հասցրել, այսինքն, թշնամական մթնոլորտ չկար: Համեմատեք տեսեք՝ նախորդ բոլոր ընտրություններում եղե՞լ է այդպիսի մթնոլորտ, բայց դա արվել է, իհարկե, կանխամտածված, որ գոնե ընտրություններից հետո այդպիսի մթնոլորտ չլինի երկրում:
Եթե որեւէ մեկը կասի, որ այսօր, երբ արդեն ընտրություններից բավականին ժամանակ է անցել, կա թշնամության մթնոլորտ, ուրեմն ես իրավիճակին չեմ տիրապետում: Այո, կան դժգոհներ, կան բողոքողներ: Բայց ես թշնամանք չեմ տեսնում»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ