Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Աստված ինքնասպանությունը չի ընդունում»

Մարտ 18,2013 23:07

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկում է նախագահի ընտրությունների մյուս թեկնածուներին էլ ստվերային կառավարություն ստեղծել եւ կազմը որոշել: Ըստ նրա, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, դրա լիարժեք իրավունքը ունեն նաեւ մյուս բոլոր թեկնածուները:

Րաֆֆի Հովհաննիսյանը պարբերաբար նշում է, որ «Սերժ Սարգսյանը կերդվի իմ դիակի վրայով»: Aravot.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է եւ կարո՞ղ է երդվել որեւէ մեկի դիակի վրայով՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, դա ավելի շատ հռետորական խոսք է, քան թե իրականություն: Ես գիտեմ, որ ինքը հավատ ունեցող անձնավորություն է, դեպի առ Աստված, իսկ Աստված չի հանդուրժում, երբ մարդ նման գործողություն է անում իր նկատմամբ եւ այլոց նկատմամբ՝ կյանքից կտրելու, ինքնասպանությունը չի ընդունում: Առավել եւս, որ ՀՀ նախագահը բավականին ճանապարհ է անցել եւ յուրայինների դիակները տեսնելով՝ ցավ է ապրել: Ես չեմ կարծում, որ նման նույնիսկ միտքը կարող է պատկերանալի դառնալ, որ նախագահը հենց այն անձն է, որ պիտի դիակների վրայով անցնի: Երբ ասում ենք՝ յուրայիններ, ինքն էլ է յուրային: Բոլոր հայերը այս պահին մեր յուրայիններն են»:

Մեր հարցին՝ չե՞ք պատրաստվում թեկուզ քաղաքավարությունից ելնելով եւ մարդկայնորեն այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նա պատասխանեց. «Մարդկային տեսակետից ես եւ մեր ամբողջ խմբակցությունը մեծ ցավ է ապրում, բայց դա քաղաքական բնութագրումների դաշտում չի գտնվում: Բնական է, որ բոլորս էլ ցավ ենք ապրում: Անցած անգամ ես այցելել եմ հացադուլին: Հիմա  կայցելեմ այն պահին, երբ զգամ, որ որեւիցե արդյունք կարելի է արձանագրել: Իսկ այնպես ստացվում է, որ մարդիկ այցելում են, խոսում են, ցավում են, ցավակցում են, հեռանում են: Ես չեմ կարծում, որ այդ դերակատարումը ես իմ վրա պիտի վերցնեմ: Իսկ մեր խմբակցության բոլոր անդամներն էլ, ովքեր ցանկանում են՝ կամ հանդիպել են, կամ կհանդիպեն: Ես այս անգամ չեմ որոշել գնալ, որովհետեւ լարված աշխատանքի մեջ եմ: Սովորաբար իմ գործողությունները հետապնդում են որոշակի արդյունք: Այս անգամ որ տեսնեմ  իր առողջության հետ կապված որեւէ արդյունք կկարողանամ արձանագրել, բնական է, կգնամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031