«Այս գիշեր պարոն Հովհաննիսյանի և մեր մյուս ընկերների հետ միասին ես կանցկացնեմ Ազատության հրապարակում»,- «Ա1+»-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Պարոն Սաֆարյանն ասում է, որ գիշերները Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում են ամենատարբեր տեսակի մարդիկ: «Ուղարկված մարդիկ, սրտացավ մարդիկ, կասկածելի հետաքրքրություն ունեցող մարդիկ, անգամ ոչ սթափ վիճակում գտնվողներ, բայց որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է` շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի համակիր քաղաքացիների ստորագրահավաքը: Պարոն Սաֆարյանն ասում է, որ մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է տասնյակ հազարավոր քաղաքացիների ստորագրություններ: «Շատերին ես ինքս եմ բլանկներ տալիս: Մարդիկ գալիս են, խնդրում, որ տանեն իրենց բնակավայրեր, մարզեր: Այսօր շատերը հարյուրավոր ստորագրություններ են բերել»,- ասաց «Ժառանգության» անդամը:
Ստեփան Սաֆարյանի համար ամենաուշագրավն այն է, որ այսօր վաղ առավոտյան 85-ամյա մի ծերունի 1000 ստորագրություն է բերել Ազատության հրապարակ: «Նա իր հետ վերցրեց այլ բլանկներ` նորերը բերելու համար: Պապիկը միայն տրտնջում էր, որ ինքը ավտոմեքենա չունի, այլապես 5000 ստորագրություն կբերեր»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ