Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը կմիջամտի՞ Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան «մենամարտին»

Մարտ 18,2013 20:32

Այսօր դարձյալ շարունակվել է Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև սկիզբ առած կռիվը, որը լի է փոխադարձ վիրավորանքներով, միմյանց նսեմացնող բնութագրերով: Վերջիններս անարգալից բառերով մամլո հաղորդագրություններ են տարածում` ուշագրավ փաստեր ներկայացնելով միմյանց կենսագրությունից: Բանը հասել է նրան, որ Սամվել Բալասանյանի լրատվական ծառայությունը հոգեկան հիվանդ էր որակել Վարդան Ղուկասյանին, որին ի պատասխան` նախորդ քաղաքագլխի գրասենյակը Բալասանյանին անվանել էր «տկարամտությամբ, մտավոր զարգացման բացակայությամբ տառապող հիվանդ»: Մի խոսքով, քանի գնում վիրավորանքները ճոխանում են:

Ինչպե՞ ս են իշխանությունները պատրաստվում կանխել դեռևս բառերով արտահայտվող այս փոխհրաձգությունը, որը, գյումրեցիների կանխատեսմամբ, հղի է արյունահեղության վտանգով: Այսօր մեզ տեղեկություններ էին հասել, որ ապահովության համար մայրաքաղաքից ոստիկանական խումբ են տեղափոխել Գյումրի:Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հետաքրքրվելով, թե այս վեճին կմիջամտի՞ ՀՀ ոստիկանությունը, թե՞ կարծելով, որ սովորական լեզվակռիվ է նախորդ ու ներկայիս պաշտոնյաների միջև, ոչինչ չի անի: Աշոտ Ահարոնյանը մեզ փոխանցեց, որ ոստիկանական որևէ լրացուցիչ ուժ մայրաքաղաքից չկա ուղարկված Գյումրի, եթե անհրաժեշտություն լինի Գյումրու ոստիկանությունը ի զորու կլինի լուծել հարցերը: Իսկ ոստիկանության միջամտության առնչությամբ, նա պարզաբանեց, որ սպառնալիքների շուրջ կոնկրետ անձից հաղորդում ստանալուց հետո նոր միայն ոստիկանությունը կանդրադառնա այդ խնդրին:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի գրասենյակի այսօրվա տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք կիսում ենք գյումրեցիների մտահոգությունը Գյումրու ներկայիս ղեկավարության անգործության, քաղաքի ետընթացի ու զարգացման հեռանկարների բացակայության վերաբերյալ: Ճշմարիտ է, որ իրեն ղեկավար համարող ապիկարի պատճառով, Գյումրին 6 ամսվա ընթացքում նմանվել է ետերկրաշարժյան քաղաքին: Հրապարակային բանավեճից փախած ու ԶԼՄ-ների մեջքի ետևում թաքնվողին, որին բոլորը ճանաչում են որպես հուդա, մեր ասելիքը կասենք մի տեղ հանդիպելիս»: Վերջին տողերը Սամվել Բալասանյանը որակում է որպես խնդրանք- սպառնալիք ` հայտարարելով. «Վ.Ղուկասյանի «մի տեղ» հանդիպելու խնդրանք-սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում: Խոստանում եմ Ձեզ չտրվել սադրանքների, աշխատել հանուն քաղաքի եւ միշտ մնալ այն մակարդակում, որում պետք է լինի Հայաստանի Հանրապետության երկրորդ, իսկ հոգեւոր առումով թերեւս առաջին քաղաքի քաղաքապետը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ավելի լավ է Բալասանյանը թող ասի գյումրեցիներին , թե ինչու է Հմայակ Հովհաննիսյանը իրեն անասուն անվանել Ազգային Ժողովում, ինչու ինքը չի պատասխանել, թե թասիբ ուներ, կամ ինչու է անընդհատ ճանապարհ հարթում մեկ Անուշարանը, մեկ Գարեջրի գործարանը խլելու գնով:Հո գործարանների նախկին աշխատողները դեռ կան, նրանք պատմում են չէ սրա
    խլե-խլեների մասին:Անգամ քիթը ուզում էր կոխել Շիրակ միության մեջ , տեսավ չի կարող, իրենը ստեղծեց ՝նույն անվանումով:Ուղղակի, հարգելի Առավոտ՛, գիտեք ինչի վրա եմ զարմանում, մարդը պետք է չգիտեմ ինչ լինի, որ նախագահի հացի սեղանին չմասնակցի: Աշխարհում նմանօրինակ դեպքի մասին լսած կաք? Ուրեմն, Բալասանյանը իրոք բալանսի չի կարող գալ: Եթե հաշվենք, որ իր տուն՝Գյումրի, հյուր է եկել, ինքը հյուրին այդպես է դիմավորելու?: Անգամ թշնամի երկրի նախագահի պարագայում մարդը,էլ չենք ասում ղեկավարը, իրեն այդ կերպ չի պահի:Ուրեմն, էս մարդը լուուուրջ խնդիր ունի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031