Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի քամուց վնասված տանիքը չեն նորոգում

Մարտ 18,2013 20:17

Մարտի 13-ին Սյունիքում բարձրացած ուժեղ քամին չշրջանցեց նաեւ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի շենքը, որի տանիքը քամու հետեւանքով բավականին վնասվել եւ անմխիթար վիճակում է հայտնվել:

Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի խոսքով` կենտրոնի 2 գրասենյակների տանիքի թիթեղները քամին պոկել-տարել է, եւ ամեն րոպե սպասվելիք անձրեւի դեպքում բաժինները ջրով կողողվեն, կտուժի կենտրոնի աշխատանքը, իսկ գույքն էլ կփչանա:

Տնօրենի փոխանցմամբ` այդ խնդրով մի քանի անգամ դիմել է Կապանի քաղաքապետրան, սակայն մինչեւ օրս տանիքի նորոգման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: «Այսօր հերթական անգամ զանգեցի քաղաքապետարան, մի քանի հոգի մարդ եկան, տեղում ուսումնասիրեցին տանիքը, հետո ասեցին՝ մենք հնարավորություն չունենք, եթե ուզում եք՝ կարող ենք պոկված թիթեղները նորից կպցնենք: Ասացի՝ ջարդված, պատառոտված թիթեղները տեղադրում եք, որ ի՞նչ դառնա, եթե ձեզ հետ նոր մատերիալ չեք բրել, հինը տեղադրելու դեպքում ջրերը նորից կլցվեն էդ սենյակները: Շենքը քաղաքապետարանի բալանսում է գտնվում, 1997թ.-ից վարձակակալության հիմունքներով զբաղեցնում ենք տարածքը, ոչ մի անգամ վերանորոգում չի արվել: Մարտի 13-ի քամուց հետո մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետարան, նույնիսկ գրավոր դիմում եմ ներկայացրել, բայց մինչեւ էսօր ոչ մի բան չեն արել: Եթե գիշերն անձրեւ գա տանիքի վնասված հատվածով անձրեւաջրերը լցվելու են կենտրոնի 2 գրասենյակները»,- նշեց Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի պետ Ռուբեն Պողոսյանը, որը մարտի 13-ից մինչեւ օրս սպասելուց հետո այսօր դիմեց լրատվամիջոցների օգնությանը` նրանց միջոցով մեկ անգամ եւս բարձրաձայնելու խնդրի լրջության մասին:

Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենց մասնագետները եղել են տեղում, համապատասխան չափագրումներ արել եւ ցուցակով ներկայացրել Սյունիքի մարզպետարան` կառավարությանը դիմելու համար:

«Քամուց Կապանում բազմաթիվ շենքերի ու անհատական տների տանիքներ են վնասվել, մինչեւ օրս էլ դիմումները դեռ շարունակվում են: Զբաղվածության կենտրոնի տանիքը` որպես հասարակական շենքի տանիք, ընդգրկվել է ցուցակում եւ ներկայացվել մարզպետարան: Տանիքի մոտ 375 ք.մ հատվածի հասցրած վնասը կազմում է 408 հազար դրամ: Տարբեր թաղամասերից, տարբեր շենքերի ու անհատական տների բնակիչներից դիմումների հոսքը դեռ շարունակվում է Կապանի քաղաքապետարան»,- տեղեկացրեց քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031