Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մուկուչյանը մոնիտորինգ էլ երեւի չի արել, թե քաղաքական գործիչների թոփ թեման որն է»

Մարտ 18,2013 20:11

Այսօր ԱԺ-ում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցուպատասխանի ժամանակ ասաց. «Ցուցակները մաքրելու վերաբերյալ հայտարարություններ են անընդհատ լինում, միջազգային կառույցներին է ներկայացվում: Ամբողջ քաղաքական դաշտի լարումը, գիտեք, որ ընտրությունների հետ է կապված եւ թիվ 1 խնդիրը ցուցակներն են: Ես հիմա նայում եմ, առաջարկներ ընտրությունների հետ կապված բացարձակ չկա: Մուկուչյանը մոնիտորինգ էլ երեւի չի արել, թե քաղաքական գործիչների թոփ թեման որն է, որ անհանգստացնում է բոլորին: Մենք ասում ենք՝ այդ խախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ապացուցեք, որ չի ազդել: Պարոն Մուկուչյան, տեսե՞լ եք որեւէ երկիր, որ 100 տոկոսանոց մասնակցություն բերի ընտրություններին: Չկա այդպիսի բան: Արդյոք չի՞ ստացվել, որ եթե մեր բնակչության՝ ամբողջ ռեգիստրով ցուցակ մտածների 70 տոկոսը քվեարկում է 600 տեղամասում, կասկած չի՞ առաջանում, որ ցուցակներում կա պրոբլեմ»:

Տիգրան Մուկուչյանը մոնիտորնիգ անել-չանելու հետ կապված ասաց, թե խնդիրն այն է, որ կան տարբեր մոտեցումներ ընտրացուցակների հետ կապված. «Սկզբնական մոտեցումը հետեւյալն է՝ եթե չեմ սխալվում շրջանառվում է 300-400 հազար թիվ, հետո ինչքան մոտեցանք ընտրություններին, այդ թիվը դարձավ 500 հազար, 600 հազար, վերջում 700 հազար: Այստեղ ամբողջ խնդիրն է այն է, որ այդ հարթակում խնդիրը որեւէ կապ չունի ԸՕ-ի կանոնակարգման հետ, որովհետեւ ԸՕ-ն սահմանում է, որ ընտրողների ցուցակում պետք է ներառվեն այն անձինք, ովքեր գտնվում են բնակչության պետռեգիստրում, այսինքն, եթե անձը ունի հաշվառում, պետք է լինեն ցուցակում: Ինչ վերաբերում է այն 300-400 հազարին, նրանք այն քաղաքացիներն են, ովքեր տարբեր պատճառներով բացակայում են հանրապետությունից: Ընտրողների ցուցակը, որը հրապարակված է, ունի աննախադեպ ճշգրտություն: Եվրոպական երկրների ընտրողների ցուցակին ոչնչով չի զիջում: Եթե կա անճշտություն, խնդրեմ, թող ներկայացվի, կարվեն փոփոխություններ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հետաքրքրվեց, թե Դուք նկարագրեցիք մի իրավիճակ, որտեղ եղել են այդքան կողմ դիմումներ, դիմել են դատարանին, որո՞նք են իրական դատական վճիռները, օրենքները խախտողները իրականում թեթեւակի՞պատիժ են ունեցել, թե՞ պատժվել են օրենքի ողջ խստությամբ եւ դա դաստիարակչական է եղել, որ հաջորդ անգամ չանեն:

ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ որոշումները հիմնականում վարչական դատարանի են:

Թեւան Պողոսյանի հարցին՝ ընտրացուցակների հետ կապված ի՞նչ մեխանիզմ պետք է ներդնել, որ այդ ցուցակները վստահություն ներշնչեն, որ դուք կարողանաք հետո հպարտութամբ նշել, որ ձեր ժամանակ ցուցակները վստահություն էին ներշնչում՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ցուցակների կազման հիմքում ընկած է բնակչության ռեգիստրի տվյալները, մարդիկ են ընդգրկված, ովքեր ունեն հաշվառում: Իսկ վստահության համար, ըստ նրա, կա բավարար հիմքր: Մասնավորապես այն, որ ընտրողների ցուցակները ներբեռնման հնարավորությամբ տեղադրված են կայքէջում, եւ հնարավոր է ներբեռնալ դրանք, ծանոթանալ, ստուգել եւ այլն. «ԿԸՀ-ն ցուցակների հետ կապված նախաձեռնեց նաեւ մեկ կարեւորագույն հնարավորություն: Դա այն է, որ կարող են ստուգել, թե որ հասցեում քանի մարդ է հաշվառված: Եթե լինում են անգամ անճշտություններ, ապա դրանք շատ փոքր՝ զրոյական տոկոսի ձգտող անճշտություններ են»: Ըստ ԿԸՀ նախագահի, ցուցակների հետ կապված միայն մի խնդիր կա. Այն է, որ ցուցակում ընդգկրված մարդը կարող է այդ պահին չի բնակվում ՀՀ-ում:

Թեւան Պողոսյանն առաջարկեց ոչ թե տարեկան 2 անգամ ընտրացուցակները թարմացվեն, այլ՝ ավելի հաճախ: Ըստ Տիգրան Մուկուչյանի եթե կան մարդիկ, որոնք գիտեն, որ իրենք ճիշտ չեն ընդգրկված այդ ցուցակներում հնարավորություն ունեն ուղղել անճշտությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031