Երևանի պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի ունեցավ Պարսկերենի և պարսկական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի հիմնական նպատակն է` հետագայում դարձնել իրանագիտության կենտրոն: Այն կլինի ոչ միայն ուսումնական, այլև գիտական մեծ կենտրոն:
ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունների մեջ` թե՛ քաղաքական, թե՛ մշակութային և թե՛ կրթական ասպարեզում իր փոքր ներդրումն է փորձում կատարել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Կենտրոնի բացումը ոչ միայն լեզու ուսումնասիրողների համար է, այլև նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրանական պատմությամբ, մշակույթով և ընդհանրապես կյանքով:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մահամմադ Ռեյիսին էլ հավելեց. «Թեհրանի որոշ համալսարաններում դասավանդվում է հայերեն և կան մի քանի օրաթերթեր և հանդեսներ: Եվ այս կենտրոններն էլ պատճառ են հանդիսացել, որ հայերն այսօր Պարսկաստանում ճանաչված են և հարգված: Ունենալով նմանատիպ պատմություն` իրարից լավ հիշողություններ ունեն: Երբ Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Պարսկաստանի վրա` պարսկական բանակի մի մասի հրամանատարը հայ էր»:
ԵՊԼՀ-ի չորրորդ կուրսի պարսկերեն ուսումնասիրեղ ուսանողները պարսկերենով ասմունքեցին և ներկայացրեցին իրենց կողմից բեմադրված Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը:
Կարդացեք նաև
Իսկ ահա այն հարցին, թե ինչո՞ւ հենց «Անխելք մարդը», ԵՊԼՀ-ի պարսկերենի դասախոս Ազատուհի Աբրահամյանը պատասխանեց. «Որովհետև այնտեղ խոսվում է մարդու աշխատանքի մասին, բայց նաև իմացության և չիմացության սահմանն է: Այսինքն մարդը կարող է իր խելքից լինել հարուստ և հակառակը: Պարսկերենում կա մի խոսք, որտեղ ասվում է «Դու պետք է աշխատես, որ Աստված քեզ բարիք տա»: Մենք ցանկացանք ապացուցել, որ սովորելն է, որ կբերի այն, ինչ-որ ցանկանում ենք»:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ