Պալիատիվ օգնության ծառայության ստեղծումը մեծ քայլ է հայ առողջապահական ծրագրում: Սակայն այս ոլորտը եւ մասնավորապես՝ պալիատիվ օգնության ծառայությունը դեռ զարգացման եւ լուրջ ֆինանսական ներդրումների կարիք ունի:
«Այսօր մեծ իրադարձության ականատես ենք լինելու մենք բոլորս: Հայաստանում նախագահի հանձնարարականով բացվելու է պալիատիվ օգնության ծառայության կենտրոնը, որը միակն է Հայաստանում ներկա դրությամբ: Ծառայությունը նախատեսված է անբուժելի հիվանդների եւ հիվանդության ամենածանր`անհույս, հիվանդների բուժման համար: Այս ծառայությունը հայտնի է ամբողջ աշխարհում եւ լավ է, որ Հայաստանում այն եւս առկա է լինելու այսօրվանիս սկսա»,- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանը:
Պարոն Կարապետյանի ներկայացմամբ, պալիատիվ բուժումը իրենից ներկայացնում է բուժման 3 փուլ, որոնք իրենց մեջ ներառում են ոչ միայն բուժում դեղամիջոցներով, այլ նաեւ աշխատանք հոգեբանի հետ: Հոգեբանական աշխատանքը տարվելու է ոչ միայն հիվանդների, այլ նաեւ նրանց հարազատների հետ: Խոսելով բուժման գնի, ծառայության հասանելիության եւ հետագա զարգացման մասին՝ Հրանտ Կարապետյանն ասաց. «Պալիատիվ բուժումը կենտրոնում արժե 20 հազար դրամ, որն իր մեջ ներառում է ողջ ծառայությունը: Թե որքանով է այն հասանելի հիվանդներին եւ նրանց հարազատներին՝ հստակ պատասխանել չեմ կարող: Ծառայությունը նոր է Հայաստանում եւ ունի լուրջ ֆինանսական ներդրումների եւ ընդլայնման կարիք: Այս պահին կենտրոնը պատրաստ է ընդունել 10 հիվանդի»:
Այն հարցին, թե հիմնականում ի՞նչ հիվանդություններով մարդիկ ունեն պալիատով բուժման կարիք Հրանտ Կարապետյանը պատասխանեց. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում պալիատիվ բուժման կարիք ամեն օր ունեն մոտ 3000 մարդ: Բուժումը կարող են ստանալ հիվանդները անկախ ախտորոշումից, սակայն կենտրոնում տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ բուժումը առաջինը կստանան կենտրոնի օնկոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդները, որոնք կազմում են պալիատիվ օգնության կարիք ունեցող հանրության մոտ 40 տոկոսը»:
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ