Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտի 16-ին ՀՀ սահմանը հատել եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքում է հայտնվել Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Դուրմիշ Քառյանը, իսկ մարտի 17-ին՝ Իջեւանի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Առաքելյանը:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանից տեղեկացանք, որ Դուրմիշ (իսկական անունը՝ Մնացական) Քառյանը 87 տարեկան է, նա հոգեկան շեղումներ ունի: Նա Դովեղ գյուղում բնակվող աղջիկ ունի: Դովեղցիները որոնում էին Դուրմիշ Քառյանին:
Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ Անահիտ Առաքելյանը բնակվում էր Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան ավանում: Ադրբեջանին սահմանակից Կայանի բնակիչները մեզ հայտնեցին, որ Անահիտ Առաքելյանը երկար ժամանակ անկողնային հիվանդ էր, մոտ 10 օր առաջ նա անկողնուց ելել էր,սակայն հոգեկան վատ վիճակում էր, շատ էր նյարդայնանում: 1965 թ. ծնված Անահիտ Առաքելյանը Կայանում բնակվում էր քրոջ եւ քրոջ որդու հետ: Մարտի 17-ի ժամը 15-ից Կայանի բնակիչները որոնում էին Անահիտին, վերջինս գնացել էր բանջար հավաքելու եւ չէր վերադարձել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ