Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի համայնքի բյուջեով նախատեսված է ևս 400 բակերի, այգիների ու պուրակների բարեկարգման ու կառուցման աշխատանքներ

Մարտ 18,2013 18:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում քաղաքապետը ծանոթացել է Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող և արդեն սկսված աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Ավանեսովի փողոցի հանրակացարաններին հարակից բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Ինչպես և խոստացել էինք մեր բնակիչներին, այս տարի ևս մեր ծրագրերն ուղղված են Երևանի համաչափ զարգացմանը և այս համատեքստում համայնքի բյուջեով նախատեսել ենք ևս 400 բակերի, այգիների ու պուրակների բարեկարգման ու կառուցման աշխատանքներ: Ծրագրերի մեկնարկն արդեն տրված է և բոլոր վարչական շրջաններում առաջիկայում նկատելի կդառնա աշխատանքների ընթացքը»,- նշել է քաղաքապետը:

Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանի բնակիչներն, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հանրակացարանի 4-րդ կարգի վթարային դարձած մասնաշենքից իրենց տեղափոխման երկարամյա հարցին արագ արձագանքելու և ընթացք տալու համար: Քաղաքապետը տեղեկացրել է շահառուներին, որ մինչև տարեվերջ Աջափնյակ վարչական շրջանում կավարտվի նոր շենքի կառուցումը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Էրեբունի վարչական շրջանում արդեն մեկնարկած բակերի համալիր բարեկարգման ծրագրի ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Արցախի փողոցի մի շարք բակերում, ինչպես նաև Նոր Արեշ թաղամասում նախատեսվող ծրագրերի ընթացքը, որոնց շրջանակում արդեն իսկ մեկնարկել էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից մաքրման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի համաձայն խաղային ատրակցիոններով, մարզական գույքով ու ֆուտբոլի խաղադաշտով կկահավորվի նաև Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքը, որը կհամալրի Էրեբունի վարչական շրջանի նորաստեղծ հանգստի գոտիների շարքը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր է:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել է նաև Էրեբունի վարչական շրջանում ընթացող գարնանային մաքրման, ծառերի էտման և ձևավորման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բարեկարգվող բակերում ու հանգստի գոտիներում ևս լուրջ ուշադրություն դարձնել կանաչ գոտիների ստեղծմանն ու ոռոգման համակարգի ապահովմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այս տարի Երևանի զարգացման ծրագրի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը ևս կապահովվի անհատական ջեռուցմամբ: «Երևանում կա 20 թանգարան, որից չորսը քաղաքապետարանի ենթակայության են: Չորս թանգարաններից երկուսն արդեն ապահովված են ջեռուցմամբ, մյուս երկուսը, որից մեկը Էրեբունի թանգարանն է, ունեն ջեռուցման խնդիր: 2013թ-ի բյուջեով մենք նախատեսեցինք այդ երկու թանգարանների ջեռուցման հարցը ևս կարգավորել: Մոտ օրերս աշխատանքների մեկնարկն արդեն կտրվի և այս տարվա ծրագրով քաղաքապետրանի ենթկայության բոլոր թանգարանների ջեռուցման հարցը այլևս դուրս կգա օրակարգից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին ու իր գրառումն է թողել պատվո հյուրերի գրքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031