Լրահոս
Օրվա լրահոսը

11-րդ դարի կամուրջը վերանորոգվեց նորովի

Մարտ 18,2013 18:37

Գառնու միջնադարյան կամուրջի հին տեսքից ոչինչ չի մնացել: Այսպիսի կարծիքի են շատ պատմագետներ եւ հուշարձանագետներ: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեց Գառնիի միջնադարյան կամուրջի ներկայիս վիճակը եւ կառույցի հետ կապված սպասելիք գործողությունները:

Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանը ներկայացրեց այն պայմանները, որոնց իրականացումից հետո կամուրջի վերականգնման մասին վերջնական որոշում է ընդունվել: 11-13 դարերի այս հուշարձանը, ըստ պարոն Առուշանյանի, այդ ժամանակներից ոչինչ այլեւս չէր պահպանում, իսկ 17-րդ դարում եղած երկրաշարժից հետո այն գրեթե ավերվել էր: Եվ շուրջ երեսուն հոգուց բաղկացած գիտամեթոդական խորհրդի որոշմամբ, հուշարձանը սկսեցին վերակառուցել` հենվելով պահպանված հատվածի եւ գրական աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա:

Չնայած նրան, որ վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 44 մլն դրամ` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով, արդյունքում կառույցը առավելապես տուժել է, քանի որ փոփոխությունների են ենթարկվել կամուրջի բազրիքը, անցուղու մակերեսը:

Պարոն Կարապետյանը կարծում է, որ այն գիտամեթոդական խորհրդի անդամները, որոնք ընդունել եւ հաստատել են նման վերանորոգման ծրագիր, պետք է պատժվեն. «Ինձ զայրացնում է, որ տեղի ունեցած սխալը չի ընդունվում, որովհետեւ նման դեպքում նույն սխալը մի ուրիշ շինության հետ կապված նորից կկրկնեն: Ինձ համար կարեւոր է, որ նման դառը օրինակով, գոնե մյուս հուշարձանները փրկենք այսպիսի արհավիրքից»:

Եվ չնայած նրան, որ կատարված աշխատանքը չի բավարարում հուշարձանագետի պահանջներին` պարոն Առուշանյանը նշում է. «Ամրացման աշխատանքների ավարտից հետո մենք կհամարենք, որ մեր գիտամեթոդական խորհրդի որոշմամբ հաստատված նախագծով հուշարձանը վերանորոգվել է»:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031