Ազատության հրապարակում այսօր քաղաքացիական բաց խորհրդի 2-րդ նիստին միացել էր նաեւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա նախ պատմեց, թե ինչու է միացել շարժմանը. «Միացա շարժմանը, որովհետեւ լսեցի Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթները, որ ինքը եկել է այստեղ, որ ոչ թե ասի՝ ժողովուրդն ինչ անի, այլ անի այն ինչ ժողովուրդն է իրեն խնդրում»:
Պարոն Զաքարյանը առաջարկեց ապրիլի 8-ին մեկ միլիոնանոց երթ կազմակերպել. «Եկեք գնանք հաստատելու մեր քվեն… եկեք մի անգամ մեր կյանքում հավաքվենք ու մի կողմ դնենք բոլոր կուսակցական, ինչ-որ շարժման պատկանելությունը եւ որպես հայ գնանք ասենք՝ մեր ոչը հենց հիմա կառավարող անօրինական ռեժիմին: Ես ինքս 2008-ին ընտրել եմ Սերժ Սարգսյանին, ինքը ինձ տվեց խոստումներ, որ կկատարի բարեփոխումներ եւ ժողովրդի վիճակը կլվանա… Ես ինձ համարելով որպես խաբված ընտրող, տեսնելով ոչ մի խոստում, բարեփոխում չի կատարվել, նրա կառավարման վերջին օրը նախաձեռնեցի գնալ եւ ասել՝ դուք ինձ խաբել եք, ձեր միակ բարեփոխումը կարող է լինել ձեր համակարգով հանդերձ հեռանալը: Ինչու ապրիլի 8-ին, դա այն օրն է, որ ինքը համարվելու է այս երկրի նախագահ, հաջորդ օրը, որպես քաղաքացի նրան չեմ համարում երկրի նախագահ, հաջորդ օրը մենք ունենք ընտրված նախագահ, ժողովրդի կամքով ընտրվածխ նախագահ»:
Նա նաեւ ասաց, որ այլեւս մարտի մեկ մեր երկրում էլ չի կրկնվելու. «Այս նախաձեռնությւոնը մաքուր քաղաքացիական է ու կապ չունի ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ «Ժառանգության», ոչ էլ ինչ-որ կուսակցության հետ. «Մեկ օրով, 24 ժամով, մի կողմ եք դնում ձեր կուսակցական պատկանելությունը: Եթե այս նախաձեռնությւոնը որեւէ կերպ կխանգարի ընդհանուր որոշումներին, ես հետ կկանգնեմ իմ նախաձեռնությունից… սա արել եմ՝ շարժմանը օգնելու համար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ