Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ապագան իրականում հայրենասեր, կիրթ, ուսյալ եւ ժամանակակից երիտասարդների ձեռքերում է»

Մարտ 18,2013 18:18

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Կես տոնական, կես գործնական հանդիպման ընթացքում ներկայացվեց հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց համակարգը:

Ըստ պարոն Աշոտյանի` յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի ընձեռվում է հնարավորություն դասընթացի 50 տոկոսը կազմակերպել ինքնուրույն, իսկ ավագ դպրոցներում դա հասնում է 70 տոկոսի: Սակայն քիչ դեպքերում է, որ դպրոցները օգտագործում են այս հնարավորությունը: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը ՀՀ կառավարության կողմից լրացուցիչ ֆինանսավորում է ստանում, միտված է հենց այս նպատակին: Հատկացված լրացուցիչ ֆինանսական միջոցները ուղղվում են դպրոցի նորարական, փորձնական եւ կրթական ծրագրերի մշակմանը եւ ներդրմանը:

ԿԳ նախարարի այս այցով մեկնարկեց կրթահամալիրում ամրապնդված փորձի արդյունքների ուսումնասիրությունը, որը հնարավորություն է տալու հետագայում փորձը տարածել նաեւ մյուս հանրակրթական դպրոցներում:

Պարոն Աշոտյանը կարեւորեց մեթոդի կիրառումն ու փորձի փոխանակումը այլ դպրոցների հետ. «Այսպես կոչված մեդիակրթությունը, որը խարսխված է թվային տեխնոլոգիաների օգտագործման վրա, հանրակրթական ոլորտում թույլ է տալիս ոչ միայն գիտելիք փոխանցել երեխաներին, այլեւ ձեւավորել ազատ մտածող քաղաքացի, որն իրեն ազատ է զգալու նաեւ տեղեկատվական այս դարաշրջանում»:

Նախարարը հասցրեց նաև զրուցել աշակերտների հետ, արդյունքում եզրակացնելով. «Այս երեխաները միայն սպառող չեն, նրանք նաեւ ստեղծող են: Ես կարծում եմ` ապագան իրականում հայրենասեր, կիրթ, ուսյալ եւ ժամանակակից երիտասարդների ձեռքերում է»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց ծրագրի հիմնական սկզբունքներն ու առանցքները. «Այս ծրագրում ստեղծագործականությունը առաջին տեղում է: Սա  զուբրիտի, անգիրի դպրոց չէ, որը, ցավոք սրտի, թագավորում է մեր երկրում»: Ըստ պարոն Բլեյանի` դպրոցում շեշտադրված է անհատի ձեւավորումը, պահպանումը: Կրթահամալիրում սովորող շուրջ 2200 աշակերտներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անհատականությունը: Այստեղ շեշտը դրվում է նաեւ նորագույն թվային գործիքների վրա, որոնք դարձել են աշակերտների կենցաղի անբաժան մասը:

Կրթահամալիրն իր հերթին նաեւ ներկայացրեց իր հեղինակային կրթական ծրագիրը:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031