Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց քաղաքացիական բաց խորհրդի 2-րդ նիստը: Նիստի սկզբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին ասաց, որ այս նիստերը լավ առիթ են ապրիլի 9-ից հետո ձեւավորվող նոր Հայաստանի կառավարման, քաղաքականության ծրագիրը քննարկելու համար:
Նիստի ընթացքում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ
Ցանկացած ժողովրդավարական պետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց երբ չկան լեգիտիմ ընտրություններ, ժողովուրդը կարող է իրականացնել ուղիղ իշխանություն:
«Մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա, ապրիլի 9-ին որոշելու ենք ում ենք ենթարկվելու՝ անօրինական իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդի քվեն ստացած թեկնածուին: Կարեւոր ժամանակահատված է սկսվում, որը կոչվում է անցումային ժամանակաշրջան: Քաղաքացիական անհնազանդություն հայտարարած հանրությունը պետք է անցնի նոր իշխանություն ձեւավորելուն»,- ասաց պարոն Ղուկասյանը: Նրա խոսքերով, անցումային ժամանակաշրջանը կարող է գլխավորել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը. «Միակ քաղաքական գործիչն է, որը լեգիտիմ ճանապարհով ձեռք է բերել ժողովրդի քվեն»:
Կարդացեք նաև
Պարոն Ղուկասյանը նաեւ նկատեց, որ ԱԺ ձեւավորած խմբակցությունները պետք է լինեն ժողովրդի կողքին, «լինեն այստեղ, որովհետեւ երկրի նախագահը նախագահ է դառնում իր երդումը տալուց հետո, տալիս է ԱԺ նիստին: Իմ կարծիքով այդ նիստը պետք է լինի այստեղ եւ ոչ թե ուրիշ տեղ: Այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե ժողովրդի կողքին են՝ պետք է լինեն այստեղ: Եթե լինեն այնտեղ, ուրեմն իրենք ճանաչում եւ ընդունում են կեղծիքներով ընտրված մարմինը եւ հնազանդ են… Միայն Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը չէ բոլոր կուսակցություններին այստեղ բերել. դա ժողովրդի պահանջը պետք է լինի, ուլտիմատում պետք է դնի ու ասի՝ այ քաղաքական ուժեր, որ հայտարարել եք, թե ժողովրդի կողքին եք, եկեք այստեղ: Նույնիսկ, եթե չգան ու տանը մնան չեզոք, նույնն է, նշանակում է, որ իրենք ընդունում են անօրինական իշխանության հսկողությունն իրենց վրա: 20 օր ունենք այդ խնդիրը լուծելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ