«Առաջին անգամ եմ լսում այդ մասին, նույնիսկ պատկերացում չունեմ: Ոչ եղել եմ նման իրավիճակում, ոչ էլ կարող եմ ինձ տեսնել այդ կարգավիճակում: Մենք ունենք մեր անկախ պետականությունը, ինչ ստվերային կառավարության մասին է խոսքը»,- հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի այն հարցին` արդյոք Ս. Կարապետյանն իրեն տեսնո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծելիք ստվերային կառավարությունում: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանի, ինչպես նաև մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչների անուններ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր Ազատության հրապարակում` առաջարկելով նրանց ներգրավել ստեղծվելիք այդ նոր կառույցում:
Ազատության հրապարակում հնչեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի անունը: Այդ կապակցությամբ պարոն Սաքունցը մեզ փոխանցեց հետևյալը. «Ես գնահատականներ, կամ կարծիքներ արտահայտում եմ այն դեպքում, երբ կան իշխանության կողմից գործողություններ կամ որոշումներ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Քաղաքական գործընթացների կամ ընդդիմության գործունեության մասին կարող եմ կարծիք արտահայտել միայն այն դեպքում, երբ նրանց ծրագրերում լինեն մարդու իրավունքների ոլորտի հետ կապված հարցեր: Մարդիկ են, իրենց գործն են անում: Ես գործադիր իշխանության մեջ չեմ ուզում ներգրավվել և իմ իրավապաշտպան գործունեությունն եմ շարունակելու: Իմ թիրախը մարդու իրավունքներն են: Օրինակ` իմ թիրախում կարող են լինել այն հարցերը` արդյոք նրանց հավաքների ազատությունը իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ, խոչընդոտներ կա՞ն, թե՞ ոչ անկախ նրանից՝ դա ՀԱԿ-ն է, ՀՅԴ-ն , թե այլ քաղաքական ուժ»:
Մյուս գործիչը, ում անունը հնչեց Ազատության հրապարակում, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էր: Մեզ հետ զրույցում նա այսպիսի կարծիք հայտնեց. «Չնայած այն փաստին, որ ես այդ մասին տեղեկացել եմ Ձեր կայքից, կարծում եմ ցանկացած ոք իրավունք ունի ցանկացած անձի վերաբերյալ նման հայտարարությամբ հանդես գալ։ Ինչպես և նախկինում՝ պատրաստ եմ իմ պրոֆեսիոնալ կարողությունները ներդնել որակյալ միջավայր ունենալու յուրաքանչուր քաղաքացու իրավունքի իրացման համար»:
Իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը ևս այն անձանց ցանկում է, ում թեկնածությունն առաջարկվում է` որպես ստվերային կառավարության պոտենցյալ անդամի: Ա. Զեյնալյանը դա արված հռետորական հայտարարություն է համարում և նշում, որ նախապես՝ մինչև անունները հնչեցնելը Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություններ տվել է, և ավելի լավ մեկնաբանել, քան նա է դա արել, հնարավոր չէ: Ա. Զեյնալյանը շարունակելով նշեց. «Մարդիկ իրենց պատկերացրած գաղափարի համապատասխան տվել են անձանց անուններ, ովքեր ունեն պոտենցյալ և դա նրանց ազատությունն է այդպիսի կարծիք ունենալը: Եթե մարդիկ գտնում են, որ ես ինչ-որ ձևով կարող եմ ծառայել ՀՀ-ին և ժողովրդին, դա միայն պարտավորեցնում է: Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, լավ է արել, իր գաղափարն է, իր ազատությունը»:
Կարդացեք նաև
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի անունը ևս կա առաջադրված թեկնածուների շարքում: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Կառավարության կազմում ես ինձ չեմ տեսնում: Ես չեմ կարող լինել գործադիր իշխանության մաս ընդհանրապես, իսկ այս պրոցեսներում ես կամ ու ինձ տեսնում եմ` որպես քաղաքական ակտիվիստ: Մի քանի պատճառներ կան. օրինակ իմ բնավորությունն ինձ թույլ չի տալիս լինել գործադիր աշխատանքի մեջ: Ես անարխիստ եմ: Համարում եմ, որ չափազանց ազատ եմ որևէ տեղ գործադիր պաշտոնում աշխատելու համար: Չեմ պատկերացնում ինձ այդ ոլորտում: Մյուս կողմից էլ բանը դրան չի հասնի: Նիկոլը, ինչքան ես հասկացա, պոտենցիալ, հնարավոր մարդկանց ցանկ է թվարկել: Բայց մի բանում ես վստահ եմ. այս իշխանությունը պիտի գնա տուն: Չի կարելի պետությանն ու մարդկանց զավթած պահել տասնամյակներով: Ես ամենաանակնկալ, անսպասելի և արտասովոր եղանակներով նախատեսում եմ ամեն ինչ անել, որ այս իշխանությունը ժամ առաջ գնա տուն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ