Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեականացվում են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված որոշ արարքներ

Մարտ 18,2013 17:10

Մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում ՀՀ քրեական օրենսգրքով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող բաժնում:

Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշել էր հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, չնայած այն հանգամանքին, որ Հանրապետության Նախագահի հրամանագրով նախատեսվում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի մշակում մինչև 2014-ի տարեվերջ, և դրանով պայմանավորված` կառավարությունը ձեռնպահ է մնում այս ընթացքում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց, սակայն այս նախագիծը հրատապ է ու խորն ուսումնասիրությունների արդյունք: Այն հիմնականում վերաբերում է զինվորական հանցագործություններին և մի քանի հոդվածի, որոնց ընդունումը խիստ անհրաժեշտ է այն խնդիրների լուծման համար, որոնք այսօր առկա են մեր բանակում:

«Շատ դեպքերում, երբ ականատես ենք լինում որոշակի ծանր հանցագործությունների, հստակ է դառնում այդ հանցագործությունների պատմության վերլուծությունից, որ դրանք առաջ են եկել դրան նախորդող ինչ-որ երևույթներից, դրանց նպաստել են որոշակի երևույթներ, որոշակի պրոցեսներ, որոնք, առաջին հերթին, իրենց հասարակական վտանգավորության տեսանկյունից, չեն դիտարկվել որպես հանցագործություններ, բայց դրանց վրա ուշադրություն չդարձնելն առիթ կամ հիմք են ծառայել, նպաստել են ավելի ծանր հանցագործությունների»,-ասել էր նախարարը:

Նման երևույթներից են, ըստ նրա, ծառայակցին նվաստացնելը, զինվորական մաս ոչ սահմանված կարգով մուտք գործելը, զինվորական մասերում թղթախաղերի, մոլեխաղերի կազմակերպումը և այլն:

ՔրՕր-ում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբերի: Առաջինը նոր պատժատեսակի սահմանումն է: Զինվորական հանցագործությունների համար պատժատեսակները ներկայումս հիմնականում կապված են ազատությունից զրկման հետ: Կառավարությունն առաջարկել է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար, սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողի նկատմամբ որպես կիրառվող պատժատեսակ սահմանել զինվորական ծառայության մեջ սահմանափակումը:

Նախագծով լուծվող խնդիրների երկրորդ խումբը կապված է մի շարք հասկացությունների, մասնավորապես` գույքային վնասի, էական վնասի, ծանր հետևանքի ճշգրտման հետ: Առաջարկվում է նաև, ելնելով իրավակիրառ պրակտիկայից, կատարելագործել մի շարք հանցագործությունների դիսպոզիցիան:

Փոփոխությունների երրորդ ուղղությունը մի շարք գործողությունների, մի շարք արարքների քրեականացումն է: Մասնավորապես` զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելը, զինվորական մասերում թմրանյութ օգտագործելը, թղթախաղերի և մոլեխաղերի կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031