Լեւոն Տեր-Պետրոսյանը «քաղաքագիտական վերլուծություն» արեց ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին, եւ դա առաջացրեց մի շարք ընդդիմադիրների խորը դժգոհությունը եւ, ի վերջո, ի վերջո, նպաստեց ՀԱԿ-ի՝ որպես դաշինքի փլուզմանը: Նույնանուն կուսակցության մեջ կմտնեն միայն այդ «վերլուծության» կողմնակիցները:
Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտ հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն այդ իրադարձությունը թե նրա կողմնակիցների, թե այլ քաղաքական ուժերի եւ թե մեկնաբանների համար գրեթե աննկատ անցավ: Թվում է, թե դա շատ մեծ անարդարություն է՝ ինչո՞ւ մեկին կարելի է, իսկ մյուսին՝ ոչ:
Բայց այստեղ կա երկու հանգամանք: Առաջինն այն է, որ Տեր-Պետրոսյանի նախկին համախոհներն, այնուամենայնիվ, տեղ ունեն քննադատելու առաջին նախագահին, որովհետեւ ամեն ինչի մասին կարելի է դատել ըստ արդյունքի: Եթե 2012-ի աշնանը նախագահի պաշտոնում առաջադրվեր Տեր-Պետրոսյանը եւ ստանար ԲՀԿ-ի աջակցությունը, կամ առաջադրվեին Ծառուկյանը կամ Օսկանյանը եւ ստանային ՀԱԿ-ի աջակցությունը, ապա «քաղաքագիտական վերլուծությունը» կլիներ 100 տոկոսով ճիշտ եւ արդյունավետ: Հաղթողներին, ինչպես հայտնի է, չեն դատում: Իհարկե, պարտադիր չէ, որ այդ թեկնածուներից որեւէ մեկը կհաղթեր ընտրություններում, բայց կստեղծվեր բոլորովին այլ՝ ընդդիմության համար ավելի նպաստավոր հետընտրական իրավիճակ: Սակայն այդ երեք թեկնածուներից որեւէ մեկը չառաջադրվեց, եւ չառաջադրվելուն հիմնավոր բացատրություն չտվեց: Ավելին՝ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում առաջադրվողները մարգինալներ են, ֆարսին մասնակցողներ եւ ռեժիմը լեգիտիմացնողներ:
Բայց ստացվեց, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի նշանակությունը (առայժմ, համենայնդեպս) նվազեց եւ բարձրացավ Րաֆֆիի եւ «Ժառանգության» դերը: Այնպես որ մարդիկ կարող են քննադատել «քաղաքագիտական վերլուծությունը», ի տարբերություն Րաֆֆիի եւ Ծառուկյանի հանդիպումից, որից ոչ մեկին, այդ թվում՝ հանդիպման մասնակիցներին, ոչ տաք է, ոչ էլ սառը:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Րաֆֆիի, խիստ դեմարկացիա է դնում յուրայինների եւ թշնամիների միջեւ՝ կա՛մ դու ժողովրդի հետ ես, կա՛մ ռեժիմի: Երկար ժամանակ դրա «թեստը» այն էր՝ պահանջո՞ւմ ես դու Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ: Չենք քննարկում՝ նման ջրբաժանը ճի՞շտ է, թե՞ սխալ: Բայց երբ որեւէ ուժի առաջնորդ նման խիստ չափանիշներ է առաջ քաշում, ապա անխուսափելիորեն բերում է նրան, որ առաջնորդի զինակիցներն իրենց ճաշակով ավելացնում են սեփական չափանիշները, որոնք երբեմն ավելի խիստ են, իսկ երբեմն դառնում են անձնական հաշիվներ մաքրելու միջոց: Բայց բոլոր դեպքերում, եթե կան «լավ տղերք»՝ հանուն ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի պայքարողներ եւ «վատ տղերք»՝ հանցավոր ռեժիմի, ավազակապետության, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ ու նրանց սպասարկուներ, ապա ո՞ր չափանիշներին է ավելի շատ համապատասխանում ԲՀԿ-ն:
Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ նման բաժանումներ չկան: (Դարձյալ արձանագրենք. դժվար է ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ): Բայց այդ բաժանումների չլինելու պատճառով նրա հանդիպումները Գագիկ Ծառուկյանի կամ, ասենք, Հովիկ Աբրահամյանի հետ հանգիստ են ընկալվում՝ որպես սովորական քաղաքական գործընթաց:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ