Թե որ դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունները Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդունելի կարող են լինել, այսօր պարոն Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց` եթեներով չի խոսելու:
«Քանի առաջարկ արել եմ, ինքը մերժել է: Եթեներով պիտի չխոսեմ: Եթե ինքն ուզում է` ես կլսեմ իր առաջարկները, բայց կրկնում եմ` դրանք պետք է լինեն համապետական նշանակության լուծումներ, որոնք թույլ կտան, որ հաղթած հայ ժողովուրդն ինքն իրեն տեսնի այդ լուծման մեջ… ով ուզում է ինձ ուղիղ առաջարկ անել, ես սիրով կլսեմ, բայց ժողովրդի իրավունքը, պահանջը պետք է արտացոլված լինի այդ լուծման մեջ: Սա, ենթադրում եմ, իր կողմից, իր կենսագրության մեջ ռազմավարական նշանակության աննախադեպ ցավոտ քայլ էր: Ինքը կամ կես ճանապարհին պետք է միանա ժողովրդին, կարծում եմ` ժողովուրդը պատրաստ է դրան, բայց եթե փշրանք պետք է որեւէ մեկն ուղարկի միջնորդավորված, ես կարծում եմ` դա կլինի անընդունելի: Մնացած բովանդակային առաջարկները կսպասեմ պարոն Սարգսյանից »,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ նախագահի կողմից որեւէ առաջարկի չի սպասում, բայց, եթե. «Ինքը տա, սիրով կլսեմ, եւ լրջորեն կմոտենամ: Եթե լուրջ առաջարկ է, ու ես համաձայն չեմ, ես իմ հակաառաջարկը կանեմ»:
Անդրադառնալով ստվերային կառավարություն ստեղծելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ մի ցանկ ինձ չի ներկայացվել: Բայց ես ներկա կլինեմ քաղաքացիական բաց խորհրդի բոլոր նիստերին եւ ինչպես արդեն ասել եմ` պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները, զեկույցներն ու գնահատականները եւ անունների վերաբերյալ առաջարկները: Երբ առաջին 10 նիստը կայանա, ես կամփոփեմ, կվերլուծեմ եւ կկարողանամ համալիր մոտեցում տալ»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ուղղեց` ոչ թե ստվերային, այլ լուսավոր կառավարություն է. «Որովհետեւ ժողովուրդն արդեն հաղթել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ