Լեւոն Մելիք-Շահնազարյան.«Ես ապացույցների մի ամբողջ թղթապանակ եմ հավաքել այն մասին, որ իրականում խոսքը թուրքերի մասին է, այժմ այդ թղթապանակը գտնվում է Վրաստանի վարչապետի սեղանին»
Այսօր «Հենարան» ակումբ էր հյուրընկալվել քաղքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ով խոսեց Վրաստանի նախագահի նոր ձեռնարկի՝ «Թուրանի» մասին, ըստ որի, Սահակաշվիլին փորձում է Չինաստանից 100 000-ից ավելի թուրք ներկրել Վրաստան:
Քաղաքագետի խոսքերով՝ այս նախագիծը պլանավորվել էր շատ վաղուց, սակայն պահվում էր գաղտնի: Նա նաև հավելեց, որ Վրաստանում մի նոր և շքեղ քաղաքի շինարարություն է ընթանում, որտեղ էլ բնակեցվելու են թուրքերը: Նա այս քայլը որակեց որպես Վրաստանի ինքնասպանություն: «Փաստեր չկան, բայց իմ կարծիքով Սահակաշվիլին նպատակ ունի դավաճանել սեփական ժողովրդին: Մեկ անգամ ազգ դավաճանողը երկրորդ անգամ էլ դա կանի»:
Քաղաքագետի խոսքերով՝ այս ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Ռուսաստանի համար, բայց Սահակաշվիլու նպատակը դա չէ:
Այն հարցին, թե Վրաստանի ընդդիմությունն ինչու՞ քայլեր չի ձեռնարկում՝ կանխելու այս ամենը, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ ընդդիմությունը միայն վերջերս է իմացել այդ մասին.«Մինչ այդ Վրաստանում ոչ մի տեղեկություն չկար այս ծրագրի մասին»: Նրա խոսքերով՝ ծրագրում նշված է, որ քաղաքը վերաբնակեցվելու է չինացիներով, այլ ոչ թուրքերով: «Ես ապացույցների մի ամբողջ թղթապանակ եմ հավաքել այն մասին, որ իրականում խոսքը թուրքերի մասին է, այժմ այդ թղթապանակը գտնվում է Վրաստանի վարչապետի սեղանին»:
Քաղաքագետը համոզված է, որ Իվանիշվիլին պետք է դիմի հաստատուն քայլերի, ընդհուպ մինչև՝ Սահակաշվիլիին դատի տալ:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ոչ մի բան չի կարող ձեռնարկել այս ծրագրի դեմ, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ Հայաստանը չի կարող խառնվել Վրաստանի ներքին քաղաքականությանը, սակայն Հայաստանը կարող է ճնշումներ գործադրել, որպեսզի Վրաստանը պաշտոնապես չեղյալ հայտարարի «Թուրանի» ծրագիրը. «Քայլեր պետք է ձեռնարկվեն այսօր և ոչ վաղը. Վաղը հետևանքները կարող են շատ ծանր լինել»:
Այն հարցին, թե քանի՞ նպատակ է հետապնդում Սահակաշվիլին և արդյո՞ք այս քայլն ինչ-որ կերպ ուղղված է Հայաստանի դեմ, քաղաքագետը պատասխանեց, որ Սահակաշվիլու միակ նպատակն այն է, որ ամրացնի և ընդլայնի իր իշխանությունը, նա ո´չ ազգի, ո´չ էլ պետության մասին չի մտածում: «Նա շատ փոքր և փոքրոգի մարդ է և նա Հայստանի դեմ քայլեր չի կարող ձեռնարկել»: Քաղաքագետի պնդմամբ Սահակաշվիլին լոկ գործակալ է մեծ կազմակերպության:
Այն հարցին, թե արդյո՞ք հայ համայնքին վտանգ է սպառնում, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Միանշանակ՝ այո»: Քաղաքագետի պնդմամբ, եթե նույնիսկ այլ սպառնալիքներ չլինեն, էթնիկական ճնշումներ միանշանակ կլինեն, և Վրաստանը մեծամասշտաբ կհայաթափվի:
Ասուլիսի վերջում պարոն Մելիք- Շահնազարյանը մի տեսաֆիլմ ներկայացրեց, որտեղ գովազդվում է կառուցվող «Օլիմպական քաղաքը», թե այն ինչ տեսք պետք է ունենա, ինչպիսի տնտեսություն և այլն: Տեսաֆիլմում հստակ նշվում է, որ քաղաքը կառուցում են միմիայն թուրքեր՝ Չինաստանից թուրքերով վերաբնակեցնելու նպատակով: Տեսահոլովակում նշվում է Իվանիշվիլու և թուրքական «Խուալին Գրուպ» խոշոր կազմակերպության կնքած պայմանագրի մասին: Պարոն Շահնազարյանը հավելեց, որ այս տեսաֆիլմը նրանք վերջերս են կարողացել գտնել համացանցում, այն ցուցադրվում է միայն Չինաստանում, Վրաստանում այս մասին տեղյակ չեն:
Նշենք, որ ադրբեջանական մամուլն անդրադարձել էր պարոն Մելիք-Շահնազարյանի՝ այս մասին հոդվածին, գրելով, որ Հայաստանը խուճապի է մատնվել Անդրկովկասում թուրքերի շատացմամբ: Քաղաքագետը պարզաբանեց.«Հայաստանը խուճապի չի մատնվել, Հայաստանն ունի հնարավորություններ ամեն ձևով կանխելու այդ հարցը»:
Վրաստան, թուրքական վերաբնակեցում, «Թուրան»,Իվանիշվիլի,
Օլիմպիական քաղաք, Լևոն Մելիք-Շահնազարյան
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ