ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հանդիպում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանի, նույն համալսարանի՝ Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի, լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի մտավորականության ջանքերի համատեղումը՝ հայրենիք-սփյուռք կապերը ամրապնդելու, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, գրական արևելահայերենի և արևմտահայերենի միասնական ուսումնասիրության, զարգացման ու կանոնարկման ուղղությամբ հետևողական աշխատանքներ ծավալելու նպատակով: Համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը Բեյրութի Հայկազյան համալսարանի գործունեությունը ներկայացրեց հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում, անդրադարձավ հայապահպանության, լեզվի պահպանության խնդիրներին: Լեզվաբան Արմենակ Եղիայանը անդրադարձ կատարեց անցած հարյուրամյակում արևմտահայերենի զարգացման ընթացքին, կարևորեց Լիբանանի և Սիրիայի հայ մտավորականության դերը հայապահպանության գործում, խոսեց արևմտահայերենի պահպանման, զարգացման ու կանոնարկման ուղղությամբ իրենց գործադրած ջանքերի ու ձեռնարկած քայլերի մասին:
Հյուրերը տեղեկացան, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին, որի աշխատանքները ղեկավարելու է հայտնի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը: Բաժինը նպատակ ունի զբաղվելու արևմտահայերենի համակողմանի ուսումնասիրությամբ՝ դիտարկելով արտերկրի հայ համայնքների լեզվական յուրահատկությունները, բարբառային հիմքերը, զարգացման առանձնահատկությունները, նպաստելու գրական արևմտահայերենի կանոնարկմանը, մշակելու գրական արևելահայերենի ու արևմտահայերենի փոխհարստացման և միասնականացման ուղիներն ու հնարավորությունները, պատրաստելու արդի արևմտահայերենի համընդգրկուն բառարան, որը կներկայացնի Սփյուռքի բոլոր համայնքների բառապաշարը: Բաժնի աշխատանքներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ներգրավվելու են նաև արևմտահայ մտավորականության ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սկսելու գործակցություն արևմտահայերենի և
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն