Այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, կրկին անդրադառնալով ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հայտարարությանը, ասաց. «Եթե նրա պահվածքը Եվրոպա է, ուրեմն այդ Եվրոպան մեզ պետք չէ: Դա կեղծիքի, ստի, նեղ շահերի մոտեցում է, եւ եթե դա Եվրոպան է, Հայաստանի համար պետք չէ»:
«Ժառանգությունը» կպահպանի՞ ԵԺԿ անդամակցությունը, թե՞ ոչ, այս հարցին ի պատասխան, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Եթե Մարտենսի տեսակետը, որը նաեւ, հավանաբար, պատրաստվել է իր արտաքին հարաբերությունների խորհրդականի կողմից, դառնա ինստիտուցիոնալ տեսակետ, ԵԺԿ համագումարի տեսակետ, «ժառանգությունը» լրջորեն կվերանայի իր անդամակցությունը այդ համաեվրոպական կառույցում` համարելով, որ Եվրոպան ինքն իրեն հավատարիմ չէ, եւ Հայաստանը այդ ջրերի մեջ չի մտնելու: Որովհետեւ փետրվարի 18-ին Հայաստանն էր, որ Եվրոպային եւ Ամերիկային, Ռուսաստանին ժողովրդավարության դաս տվեց: Կտեսնենք` սա սոսկ հայտարարությո՞ւն էր, թե կշարունակվի եւ կդառնա համագումարի քննարկման հարց: Եթե ԵԺԿ համագումարում այս հայտարարությունը դառնա պաշտոնական տեսակետ, մենք կվերանայենք: Իսկ եթե մենք անդամ կուսակցություն լինենք, ոչ թե դիտորդ , անպայման կպահանջենք Մարտենսի հրաժարականը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես նկատել եմ, որ Րաֆֆիի նախադասությունները հիմնականում սկսվում են “եթե” բառով…