Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Գեւորգյանին խոշտանգած սկեսուրը մի քանի ամսից ազատ կլինի (Տեսանյութ)

Մարտ 18,2013 14:21

Վերաքննիչ դատարանը մերժեց երկու կողմերի բողոքները. հարսին դաժանաբար ծեծած սկեսուրի նկատմամբ վճիռն անփոփոխ մնաց 

Վերաքննիչ դատարանն այսօր վերքննիչ բողոքները մերժեց եւ անփոփոխ թողեց Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի, հարսին խոշտանգած սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ կիրառվել էր 4 տարի ազատազրկումը, սակայն ՀՀ անկախության հռչակման կապակցությամբ հայտարարված համաներմամբ, սկեսուրի  չկրած պատժի ժամկետը կրճատվել էր 1/3-ով: Ըստ այդմ, տիկին Հայկանուշը ընդամենը մի քանի ամիս ազատազրկված կլինի:
Սկեսուրի կողմից դաժան ծեծի ենթարկված հարսը` Մարիամ Գեւորգյանը, դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով սկեսուրի նկատմամբ կիրառել պատժի առավելագույն չափը` 5 տարի ազատազրկում, հանել համաներման կիրառումը եւ մոտ 17 միլիոն դրամ փոխհատուցում` կրած ֆիզիկական եւ բարոյական վնասենրի համար: Մյուս կողմն էլ` ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանը, Վերաքննիչ դատարանից պահանջում էր իրեն անմեղ ճանաչել եւ ազատ արձակել: Այսօր Վերաքննիչ դատարանի վճռից երկու կողմերն էլ դժգոհ մնացին եւ Aravot.am-ի հետ զրույցում երկուսն էլ վստահեցրին, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:
Այս անգամ էլ, մինչ դատական նիստը, Հայկանուշ Միքայելյանի հարազատները չկարողացան դահլիճ մտնել, քանի որ կարգադրիչները պնդում էին, որ դահլիճում տեղ չկա, անգամ Հայկանուշի որդին` Դավիթ Զիրոյանը, չկարողացավ ներկա լինել մոր դատավճռին:
Հայկանուշի հարազատները դատարանի մուտքի մոտ կրկին մեծ աղմուկ բարձրացրին, դժգոհելով, որ կարգադրիչներն անարդար են վարվում` Մարիամի հարզատներին ներս են թողել, իսկ իրենց` արգելում են:
Մանրամասները տեսանյությում:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկանուշի որդին`Դավիթ Զիրոյանը, իր վրդովմունքն արտահայտեց դատարանի վճռի վերաբերյալ, պնդելով, որ իրենք բոլոր անհրաժեշտ փաստարկները ներկայացրել են, ըստ որոնց, մայրը պիտի արդարացվեր, սակայն դրանք դատարանը հաշվի չի առել. «Օբյեկտիվություն չկա, վագոնով ապացույցներն իրանց դեմը դրած ա, ոչ մի բան չեն անում, ոչ մի բան աբսալյուտնը: Ում էլ ծեծեն կվարտիրայի մեջ, մի հարեւան լացի, կռվի ձենը կլսի, բայց ոչ մի հարեւան չի լսել: Հակառակը, հարեւաններն ասել են, որ ինքը` Մարիամը դուրս ա եկել, խանութ ա գնացել: Ասում եք, ախպեր, մարդուն ծեծել- ջարդել, ուղարկել են Հայաստան, թերթերում գրել են, որ աերոպորտում խոչընդոտ ա էղել, բայց ինքը ցուցմունքա տվել, որ խոչընդոտ չի եղել: Հարց չկա, ծեծել-ջարդել են, եկել ա Հայաստան, բա ո՞նց կպատճառաբանեք էն ֆակտը, որ մինչ օրս ոչ մի բուժօգնություն չի ստացել: Սովորական հասկացողություն, ծնող ես, արա, քո էրեխուն ծեծել են, բա դու 7 օրվա մեջ քո  էրեխուն բուժօգնություն չտա՞ս»:
Դավիթ Զիրոյանի փաստարկներն ու դժգոհությունները` տեսանյութում:

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ Գեւորգյանն ասաց, որ թեեւ դժգոհ է դատարանի վճռից, այնուամենայնիվ, Վերաքննիչը վճիռն անփոփոխ թողնելով, հաստատեց, որ Հայկանուշ Միքայելյանն իսկապես դաժանաբար ծեծել է իրեն. «Ես ահավոր վտանգ եւ ագրեսիա եմ տեսնում այդ կնոջից, եւ նույնիսկ սարսափում եմ, վախենում եմ: Նախորդ դատական նիստի ժամանակ նա միանգամից պոռթկաց ու սկանդալ սարքեց դատարանում: Անգամ պատժի կրումը նրան չի փոխել»:

Մեր այն հարցին, թե նախկին ամուսինն այսօր մեզ հետ զրույցում պնդեց, որ կեղծ են բոլոր այն մեղադրանքները, որ Մարիամին ծեծել են, քանի որ բավականին ուշ են դիմել իրավապահ մարմիններին, Մարիամ Գեւորգյանն ասաց. «3 հատ դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ կան, որ իսկապես խոշտանգել են, ես ավելացնելու բան չունեմ: Դե իհարկե, իրենք էդպես պիտի խոսեն»:
Մարիամ Գեւորգյանի հայրն էլ, մեզ հետ զրույցում դժգոհելով դատական վճռից, ասաց. «Ստեղ օրենք չկա, մնում է Եվրախորհուրդ դիմենք, կամ էլ` հավաքվենք գնանք Թուրքիա»:
Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք,  որ Հայկանուշ Միքայելյանը մեղադրվում է, որ հարսին դաժան ծեծի է ենթարկել` առողջությանը վնաս պատճառելով, խոշտանգել է, պատառաքաղով ծակծկել է Մարիամի մարմինը, արդուկով այրել նրա կրծքերն ու մեջքը, ստիպել է Մարիամին ուտել իր փսխած կերակուրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031