Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավթյան. «Մշակույթի նախարարությունը քարանձավների պահպանության գործում ոչինչ չի անում» (Տեսանյութ)

Մարտ 18,2013 14:17

Մասնագետներն ահազանգում են քարանձավների անմխիթար վիճակի մասին

«Հայաստանում քարանձավների վիճակը ծանր է, սփոփիչ բան չկա ասելու: Տարիներ շարունակ պետական տարբեր մարմիննների հետ աշխատակցելով ոչնչի չենք հասել, մինչդեռ մեր քարանձավներն ունեն գիտաճանաչողական, մշակութային եւ  հնագիտական նշանակություն,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը, ապա հավելեց,-Չեն ձգտում վարձակալության տալ քարանձավները, որպեսզի դրանք բարեկարգվեն եւ օգտագործվեն տուրիստական նպատակներով: Եթե տրվեր վարձակալության, համապատասխան տեսչությունը կետ առ կետ կհետեւեր, թե  ներդրում իրականացնողը ինչպես է իրականացնում չափորոշիչները: Մենք պետական  եւ օրենսդիր  մարմիններին առաջարկել  ենք շահագործման այն չափորոշիչները,  որոնք կիրառվում են քաղաքակիրթ երկրներում»:

Քարանձավների, մեղմ ասած, անմխիթար վիճակը փաստելու համար մասնագետը բերեց Մոզրովի քարանձավի օրինակը. «Այդ գեղեցկագույն քարանձավից բան չի մնացել: Նախկինում քարանձավում կար վեց հազար ստալակտիդ, մինչդեռ հիմա անգամ երեքը չեմ կարող հաշվել: Հսկողություն չկա»:

Հնագետ Բորիս Գասպարյանի խոսքով. «Այսօր անգամ պատկերացում չունենք քարանձավների քանակական տվյալների մասին: Մինչ օգտագործելը պետք է դրանք հաշվառել եւ անձնագրեր կազմել: Քարանձավը պետք է պեղվի,  հետո թանգարանացվի»:

«Ինկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը նշեց, որ Մագելի քարանձավի վարձակալության եւ այն զբոսաշրջային նպատակներով օգտագործելու համար 2007թ-ին դիմել է Մշակույթի նախարարությանը, որի պահանջով կազմել է օգտագործման ծրագիր, անցկացրել համապատասխան փորձաքննություններ եւ հասարակական լսումներ` ստանալով դրական եզրակացություն: «Նախարարն արդյունքում համաձայնվեց վարձակալության տալ քարանձավը: Այդ գրությունից անցել է մեկ ու կես տարի, բայց պայմանագիր այդպես էլ չի կնքվել: Մագելի քարանձավը որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված գույք են ներկայացնում, բայց համապատասխան փաստաթուղթ չկա: Ասում են, թե քարանձավը ՊՈԱԿ-ի սեփականությունն է, բայց այն պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկում է: Մեզ ամեն կերպ նախարարությունը խանգարում է եւ ոչինչ չի անում քարանձավների պահպանության գործում: Իսկ ՊՈԱԿ-ն անգամ քարանձավագետ չունի, մինչդեռ ինքն է ծրագիր ներկայացրել: Օրինակ, ասում են թե չղջիկների համար բնական պայմաններ պետք է ստեղծեն: Ինչ է վերմա՞կ պետք է տան նրանց, կամ քարանձավում ջեռուցում քաշե՞ն:

Մշակույթի նախարարության եւ ՊՈԱԿ-ի մեկնաբանությունը կներկայացնենք առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031