Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային գործիչները զարմացել են, որ իրենց անունները հնչել են Ազատության հրապարակում

Մարտ 18,2013 12:40

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արտոնված բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում որոշվում է ստվերային կառավարության կազմը: Ազատության հրապարակում  Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրությանը հայտնի անձանց անուններ, ովքեր կարող են դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորելիք կառավարության  մաս:

Ն. Փաշինյանը հարթակից հնչեցրեց Հրանտ Բագրատյանի, Անդրիաս Ղուկասյանի, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի, «Գալա» հ/ը-ն սեփականատեր Վահան Խաչատրյանի, լրագրող Հակոբ Բադալյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի, ԿԳ ոլորտի մասնագետներ Սամվել Կարապետյանի եւ Նվարդ Մանասյանի, Ստեփան Դեմիրճյանի ու այլոց անունները:

Aravot.am-ը վերը նշված անձանց հետ զրույցում հետաքրքրվեց` իրենց տեսնո՞ւմ են Ր. Հովհաննիսյանի ձևավորելիք կառավարությունում: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այդ գործընթացը դեռ սուբյեկտիվ գնահատեց ու հավելեց. «Ասել, որ այն, ինչ Ազատության հրապարակում երեկ կատարվեց, դա վարկանիշ է և այլն, դա այդպես չէ: Այսօր բոլորս ճանապարհային քարտեզներ ենք որոնում` ինչպես շարժվել, և ես այդ ֆորմատով եմ դիտարկում նաև երեկվա քննարկումները: Ուզում եմ ասել, որ դրանք պարզապես կարծիքներ են, որ անհրաժեշտ է հաշվի առնել, բայց դեռ ոչ ավելին: Անձամբ ես պատրաստ եմ եղել գլխավորել մեր պետությունը և ներկայացրել եմ նախագահի թեկնածուի հայտ: Բնականաբար, որպես քաղաքական գործիչ, պատրաստ եմ վերցնել պատասխանատվություն պետության, երկրի քաղաքական ճակատագրի համար և  պատրաստ եմ պատասխանատվություն կիսել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ինձ պես մտահոգ են մեր երկրի ապագայի համար»:

«Գալա» հ/ը-ն սեփականատեր Վահան Խաչատրյանը դեռ չէր հասցրել խորությամբ ծանոթանալ գործընթացին, բայց նշեց. «Ես ինձ այդտեղ չեմ տեսնում, քանի որ երբեք չեմ կարող իշխանության մեջ լինել`անկախ նրանից` դա գործող իշխանությունն է, թե ստվերային: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ ղեկավարում եմ լրատվամիջոց, այլև այն, որ իմ խառնվածքն այնպիսին է, որ չեմ կարող իշխանության մեջ լինել, բայց կարող եմ ստիպել իշխանությանը աշխատել ժողովրդի և ինձ համար` իմ վճարած հարկերով: Բայց ինքս դառնալ իշխանություն չեմ կարող, ես պետական չինովնիկ աշխատել չեմ կարող»:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ևս իրեն այդ դաշտում չի տեսնում ու մանրամասնում է. «Ստվերային կառավարության կազմում լինելը նշանակում է քաղաքականության մեջ մտնել, իսկ ես ինձ այդ ոլորտում  չեմ պատկերացնում: Գերադասում եմ զբաղվել այն գործով, ինչով զբաղվում եմ և գործընթացների վրա ազդել` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ոչ որպես քաղաքական գործիչ:  Իսկ երևույթը նորմալ եմ համարում, քանի որ քաղաքական զարգացումներ են ընթանում, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իշխանություն դառնալ, պետք է ունենան քաղաքական գործիչների` հանրության համար պարզ ցանկ, որոնք կառավարությունում տեղ կզբաղեցնեն: Նոր ավանդույթ է  ձևավորվում  ՀՀ-ում, ինչը նորմալ եմ համարում»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով կրթահամալիրում հյուրընկալել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, կարճ պատասխանեց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը, պարզապես նշեց. «Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենն եմ, դա շատ լավ գիտեմ»:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե Aravot.am-ից է տեղեկացել, որ իր անունը հնչել է Ազատության հրապարակում ու իր զարմանքը հայտնեց. «Ինձ համար կապ չունի` ինչ քաղաքական ուժ է առաջարկում, բայց երբեք իմ մտքով չի անցել այդ ուղղությամբ իմ կյանքը շարունակել: Երբեք պետական կարիերայով չեմ տառապել: Ես երբեք ցանկություն չեմ ունեցել ընդգրկվելու պետական կառույցների մեջ: Ու ընդհանրապես, այն, որ իմ անունը հնչեց, ես այդտեղ ոչ դրական, ոչ էլ բացասական խնդիր եմ տեսնում: Ուղղակի անսպասելի էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031